Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. Հայաստանն առաջին անգամ համակարգված աշխատեց

Հունվար 25,2016 18:45

«Ինչպե՞ս կվարվեն պատգամավորները, չգիտեմ: Բայց խնդիրն այն չէ` այդ ձեւակերպումները Հայաստանին դու՞ր են գալիս, թե` ոչ: Հարցն այն է, որ սա վտանգում է 25 տարվա գործընթացը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` խոսելով վաղը ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցների քվեարկության մասին:

Հիշեցնենք, դրանցից մեկը վերաբերում է ԼՂՀ հարցին, մյուսը` Սարսանգի ջրամբարին: Ի դեպ, մամուլում արդեն տեղեկություններ կան, որ այդ զեկույցները հնարավոր է վաղն ընդհանրապես քվեարկության չդրվեն: Հիշեցնենք, ԵԽԽՎ-ին` Մինսկի խմբի գործընթացին հավատարիմ մնալու կոչով դիմել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մի քանի օր առաջ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում էր բանաձեւ ընդունվել:

Պարոն Արզումանյանը հիշեցրեց, որ այս օրերի ընթացքում հայկական կողմը բավական ակտիվ աշխատել է, տարբեր այցելություններ, հանդիպումներ ու քննարկումներ են եղել.  «Արդյունքները վաղը կտեսնենք` գնահատականներ կտանք, դասեր կքաղենք»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ նկատեց, որ գուցե որոշ ուշացումով, բայց Հայաստանն առաջին անգամ համակարգված աշխատանք է ծավալել` դիվանագիտական կորպուս, ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորներ եւ այլն: Այցելություններ են եղել Բելգիա, Շվեդիա, Նորվեգիա, Դանիա եւ այլն:

Նրա համոզմամբ, անկախ վաղվա քվեարկության արդյունքներից՝ այս կատարված աշխատանքը ջուրը չի լցվի, եթե շարունակենք պահպանել ձեռք բերված հարաբերությունները, եւ հնարավորություն կտա հետագայում խուսափել նման իրավիճակներում հայտնվելուց: Նա չի կիսում ԵԽԽՎ-ի բանաձեւերի, զեկույցների խորհրդատվական բնույթը թերագնահատողների կարծիքը:

Անդրադառնալով արդեն Հայաստան-ԵՄ վերսկսված բանակցություններին եւ ստորագրվելիք նոր փաստաթղթին, Աղվան Վարդանյանը կարեւոր համարեց, որ մեր եվրոպացի գործընկերներն էլ տապալված բանակցային գործընթացից դասեր են քաղել եւ այժմ ընդունում են`Հայաստանն ունի պարտավորություններ ԵԱՏՄ-ի առջեւ, Հայաստան-ԵՄ նոր հարաբերություններում դա էլ պետք է հաշվի առնվի: «Ես չեմ կարծում, որ այս նոր փաստաթղթում խոչընդոտների կհանդիպենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031