Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրտի թրթիռով եմ ուղարկում». (Ֆոտոշարք)

Հունվար 25,2016 18:25

Չնայած Քաշաթաղի շրջանում առատ ձյուն է տեղում, այնուամենայնիվ, հունվարի 25-ին իրականացավ ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը: Առավոտյան շրջանային զինկոմիսարիատի աշխատակիցներն ընդունում էին համայնքներից եկած տղաներին, ովքեր, թեկուզ դժվարությամբ, բայց պարտաճանաչ տեղ էին հասել: Զորակոչային բաժնում զինկոմի տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանը վերջնական տեսքի բերում նրանց զորակոչիկների փաստաթղթերը, զրուցում նրանց հետ:

Պաշտպանության նախարարության կողմից տրված հարցաթերթիկն էին լրացնում զորակոչիկներին ուղեկցած ծնողները: Զորակոչիկ Տիգրան Խորենի Խուրշուդյանի մայրը՝ Մոշաթաղ համայնքի բուժքույր Ամալյա Սողոմոնյանը, երկրորդ որդուն է բանակ ուղարկում: Ավագ որդին՝ Նարեկը, ծառայել է հանրապետության զորամասերից մեկում՝ որպես բուժակ(կոչումով՝ սերժանտ) և անցած ամռանը տուն վերադարձել: Գոհ է ավագ որդու ծառայությունից ու հպարտ, որ կրտսերը նույնպես զինվորացու է:

DSCN0674 DSCN0657 DSCN0683 DSCN0684 dzyun DSCN0695

-Տղա եմ ունեցել, ուրախացել, այժմ էլ պետք է բանակ ուղարկեմ, որ ինձ ու մեր երկիրը պաշտպանեն, -ասաց տիկին Ամալյան՝ հավելելով, որ սրտի թրթիռով է ուղարկում, և բոլոր տղաներին տվեց իր մայրական օրհնանքը՝ ցանկանալով խաղաղություն աշխարհին, ուժ ու կորով, առողջություն մեր զինվորներին:  Զորակոչիկներից զինկոմիսարիատ ամենաուշը եկավ Հովհաննես Հակոբի Խաչատրյանը: Կովսականը մոտ 110 կմ հեռու է Բերձորից, և ամբողջ ճանապարհը ձյունապատ է: Բայց հայրենիքի զինվորացուն տեղ հասավ: Կապիտան Կ. Ալավերդյանը հպարտորեն ներկայացրեց Հովհաննեսին.

-Մեր տղաները պատրաստ են դառնալ զինվոր, պաշտպանել հայրենիքը. թեկուզ այս փաստը՝ չնայած եղանակային դժվարություններին, բոլորն էլ այսօր ներկայացել են, -ասաց զինկոմի տեղակալը:

Հովհաննեսի ավագ եղբայրը՝ Գևորգը, կես տարի է, ինչ վերադարձել է զինվորական ծառայությունից, գիտի՝ ով է զինվորը հատկապես սահմանում, և հպարտ է, որ այս անգամ եղբայրն է պաշտպանելու իրենց մոր, երկու քույրերի ու ողջ հայության անվտանգությունը: Վերջապես զորակոչի հետ կապված բոլոր գործողություններն ավարտված են, փաստաթղթերը՝ պատրաստ: Ինչպես միշտ, այս անգամ էլ զինկոմիսարիատի միջանցքում, որի պատերին Մեծ Հայրենականի ու Արցախյան գոյամարտի հերոսների լուսանկարներն են փակցված, զգաստ շարվեցին զորակոչիկները:

Կ. Ալավերդյանը ևս մեկ անգամ հետաքրքրվեց տղաներին հուզող խնդիրներից, հիշեցրեց նրանց անելիքը և մաղթեց բարին: Զորակոչիկներին ողջունեց ու բարի ծառայություն, այրիություն, զգոնություն մաղթեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը: Եկավ հրաժեշտի պահը: Տղաները տեղավորվեցին միկրոավտոբուսում, իսկ ուղեկցողները հրեցին մեքենան, որ բարձրացավ թեք ու ձյունապատ ճանապարհով ու շարժվեց դեպի Ստեփանակերտ:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031