Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե էժան ալյուր ներկրենք, հացահատիկի արտադրությանը կվնասենք

Հունվար 25,2016 18:08

Ռուսաստանից կամ մեկ այլ երկրից էժան ալյուր ներկրելը մեր երկրում կվնասի հացահատիկի արտադրությանը, ինչն էլ իր հերթին կառաջացնի պարենային անվտանգության խնդիր: Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանն՝ անդրադառնալով այս օրերին քննարկման թեմա դարձած ալյուրի թեմային: Միջազգային շուկայում ալյուրի գները նվազել են, սակայն Հայաստանում հացը շարունակվում է վաճառվել նույն գներով:

«Ալյուրը շատ սպեցիֆիկ շուկա է, որովհետեւ հացահատիկը պարենային անվտանգության կարեւորագույն խնդիրներից մեկն է: Չի բացառվում, որ Ռուսաստանից սկսենք մեծ ծավալներով ալյուր ներկրել Հայաստան, շուկայում շատ ավելի էժան ալյուր կունենանք, քան ունենք, բայց մյուս կողմից՝ հացահատիկի արտադրությունը մեր երկրում կկանգնի: Գյուղացին, եթե ալյուրը մթերի ու ալրաղացում աղա, ավելի թանկ գին կստացվի, քան գնանք Ռուսաստանից բերենք,բայց, եթե ռուսական ալյուրով ապահովենք մեր երկիրը, հացահատիկի արտադրություն չենք ունենա, ցորեն չենք ունենա եւ վաղը մյուս օրը, եթե ռուսական շուկայում կամ աշխարհում ցորենի գինը թանկացավ, կհայտնվենք ծանրագույն վիճակում, պետք է հաշվի առնել ազգային անվտանգության ոչ թե մի, այլ մի քանի բաղադրիչ: Չի կարելի անհատի շահը վեր դասել մի ամբողջ պետական համակարգ, եւ անվտանգությունը վտանգի տակ դնել»,-ասաց պարոն Պիպոյանը:

Սպառողների իրավունքների պաշտպանը գտնում է, որ իրականում ալյուրի գնանկումը միջազգային շուկայում 30 տոկոս էլ չկա, եւ հացի արտադրության մեջ ինքնարժեքը միայն ալյուրը չէ, այլ, դրա մեջ մտնում է նաեւ աշխատուժը, վառելիքը, ինչն էլ գինն են ձեւավորում:

Պարոն Պիպոյանի խոսքերով, այլ հարց է, որ հացամթերքի շուկայում բարձիթողի վիճակ է եւ վերահսկողություն գրեթե չկա` քաշի, որակի. «Հացամթերքի շուկան համակարգային խնդիր է իրենից ներկայացնում: Մեր երկրում հազվադեպ է, որ հացը հենց կիլոգրամով է վաճառվում: 100 գրամանոց, 200 գրամանոց հացեր են վաճառում եւ հաճախ մենք ունենում ենք գնաճ` քաշի, որակի հաշվին, եւ այդ մասին չենք էլ իմանում: Մենք, երբ ասում ենք՝ չունենք գնաճ, կամ ունենք գնաճ, ինչի՞ հետ ենք համեմատել»:

Ըստ Բաբկեն Պիպոյանի, անգամ ԱՎԾ տվյալով, ալյուրում մենք 30 տոկոս գնանկում չունենք եւ ոչ էլ մեկ այլ պետական ապարատի տվյալով. «Այս հարցում, ըստ էության, անելիք ունի գործադիր իշխանությունը, որովհետեւ, իրարից էականորեն տարբեր երկու թիվ է հրապարակվում երկու պետական մարմնի` ԱՎԾ-ի եւ ՏՄՊՊՀ-ի կողմից, ինչն ուղղակի  ապացույց է այն բանի, որ այս երկու օղակներից որեւէ մեկը կամ միտումնավոր խաբել է կամ իրականում սխալ մեթոդաբանությամբ է գնում շուկան ուսումնասիրելու` գնաճ ունենք թե` ոչ: Երբ ԱՎԾ թվերը վերլուծենք մի պատկեր կստանանք, ՏՄՊՊՀ-ինը` այլ պատկեր կստանանք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031