Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնես ո՞ւմ են ուզում բերել օմբուդսմեն, որ այդպես վախենում են». Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)

Հունվար 25,2016 17:24

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամներ Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանն իրենց դժգոհությունը հայտնեցին, որ իշխանությունները պատրաստվում են նոր օմբուդսմենի նշանակման հարցի քննարկումը կազմակերպել ոչ թե իրենց հանձնաժողովում, այլ՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ոչ մեկի համար անակնկալ չէ իշխող կուսակցության ապօրինի գործունեությունը: Սա դասվում է այդ ապօրինի գործունեության շարքին: Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն է իրավասու քննարկում անցկացնել եւ առաջադրել մարդու իրավունքների ապագա պաշտպանի թեկնածությունը: Խնդիր է առաջացել այդ թեկնածության հետ կապված: Հավանաբար մի այնպիսի թեկնածու է, որն ընդունելի չէ ընդդիմության կողմից, ընդունելի չէ հասարակության կողմից:  Հավանաբար դա է հիմք հանդիսացել, որ նրանք մտավախություն ունեն Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից այդ թեկնածության չհաստատելու վերաբերյալ: Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամների մեծամասնությունն ընդդիմությունից են, այստեղ իրենք խնդիր են տեսել: Դրա հետեւանքով էլ նաեւ իրենք փոխում են եւ լրացուցիչ իրավական հիմնավորում են փորձում տալ, որն իրավունքի գերակայության դեմ է: Այդ միջոցով փորձում են անցկացնել իրենց կողմից նախընտրելի անձի»:

Զարուհի Փոստանջյանը հեգնեց՝ իսկ ինչո՞ւ են որոշել Պետաիրավական հարցերի հանձնաժողով տանել, միգուցե տանեն առողջապահության հարցերի հանձնաժողով. «Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը պետք է առաջադրի մի հանձնաժողով, որը զբաղվում է այլ ոլորտով: Ակնհայտ է, մենք բոլոր հիմքերն ունենք ասելու, որ նրանք խնդիր են տեսել Մարդու իրավունքների հանձնաժողովում, դրա համար փոխում են: Տեսնես ո՞ւմ են ուզում բերել, որ այդպես վախենում են»:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովն ունի 10 անդամ, որի 3 անդամն են միայն ՀՀԿ-ական՝ Մարգարիտ Եսայանը, Սպարտակ Մելիքյանն ու Արտակ Սարգսյանը, վերջին երկուսը հանձնաժողովի նիստերին չեն էլ մասնակցում:

Իսկ Պետաիրավականն ունի 12 անդամ, որից 6-ը ՀՀԿ-ական են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031