Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանի գնահատմամբ՝ նիստում հաղթահարվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա ճգնաժամը

Հունվար 25,2016 17:06

Հունվարի 25-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) անդամներ Աղվան Վարդանյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ են ներկայացվել հանձնաժողովի՝ հունվարի 20-21-ին Ստրասբուրգում կայացած 16-րդ նիստի աշխատանքների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում եղել են ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը (պատվիրակության ղեկավար), Ալեքսանդր Արզումանյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Դոխոլյանը:

Աղվան Վարդանյանի գնահատմամբ՝ նիստում հաղթահարվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա ճգնաժամը, որն առաջացել էր Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելու անակնկալ որոշումից հետո: Դրա վկայությունն է նաեւ, ըստ պատգամավորի, հանձնաժողովի նիստում ընդունված համատեղ եզրափակիչ հայտարարությունը: Նրա խոսքով՝ սա որակական տեղաշարժ է նաեւ այն առումով, որ վաղը ԵԽԽՎ նիստում անդրադարձ է կատարվելու հակահայ երկու բանաձեւերի, եւ դրա նախաշեմին այս հայտարարությունը Եվրոպայի կողմից արված դրական քայլ է:

Պարոն Վարդանյանն անդրադարձել է հայտարարության որոշ դրույթների, որոնք վերաբերել են մասնավորապես ԵՄ-ՀՀ բարձր մակարդակի հարաբերությունների մեկնարկին, հայաստանյան բարեփոխումների գործընթացի եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման արդյունավետ իրականացմանն ուղղված Եվրոպական միության օժանդակությանը, Սահմանադրության փոփոխությունների դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեին, նոր Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, սիրիացի փախստականներ ընդունելու՝ Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերին, Ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցի միջոցառումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորմանը:

Ալեքսանդր Արզումանյանը կիսել է գործընկերոջ այն տեսակետը, ըստ որի՝ անվստահության մթնոլորտը եւ ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա սառնությունը հաղթահարված է: Նա նշել է, որ փաստաթղթում առկա ձեւակերպումները գոհացուցիչ են: Պատգամավորի խոսքով՝ պատվիրակությունն աշխատել է միահամուռ, փաստաթուղթն ընդունվել է առանց լուրջ տարաձայնության եւ գրեթե միաձայն:

Աղվան Վարդանյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը կարեւորել են հայտարարությունում տեղ գտած կոչը Եվրոպական միությանը՝ փոխանակման եւ շարժունակության ծրագրերում հակամարտության շրջաններից եկող ուսանողներին եւ ուսուցիչներին ընդգրկելու վերաբերյալ, ինչպիսին, օրինակ, Լեռնային Ղարաբաղն է: Նշվել է, որ առաջին անգամ է, որ նման փաստաթղթում ԼՂ մասնակցությունն ընդգծվում է:

ԱԺ հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031