Ժամանակին BBC համաշխարհային ծառայության եւ Լոնդոնի «Բարբիքան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրած սըր Ջոն Թյուսայից, որ Հայաստան է ժամանել ԵՄ`Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում, Aravot.am-ը, հետաքրքրվեց` հե՞շտ էր սեփական կնոջ՝ մի քանի բեսթսելլերների հեղինակ Էնն Թյուսայի հետ համատեղ գրքեր («Նյուրնբերգյան դատավարություն», «Բեռլինյան շրջափակում») գրելը , արդյոք ստեղծագործական վեճեր չե՞ն ունեցել:
«Դա շատ հեշտ էր, որովհետեւ գիրքն ինքն է գրել, պարզապես հետազոտությունն ենք երկուսով կատարել»,-ասաց սըր Ջոնը:
Տիկին Թյուսայից էլ հետաքրքրվեցինք՝ իրենց տանը պահպանվե՞լ է առավոտյան սուրճի հետ տպագիր թերթ կարդալու ավանդույթը, թե՞ նախընտրում են էլեկտրոնային տարբերակով ընթերցելը:
Էնն Թյուսան ասաց, որ ինքն ամեն առավոտ օրը սուրճի հետ սկսում է «Թայմսով», նախկինում 5-6 թերթ էին գնում, հիմա միայն մեկը, քանի որ հիասթափվել են այն ամենից, ինչ կարդում են թերթում: «Ես մինչեւ կյանքիս վերջ տպագիր թերթ եմ կարդալու, թեկուզ մնամ մոլորակի՝ միակ այդ եղանակով թերթ կարդացողը…Էլեկտրոնային տարբերակով ընթերցելիս հաճախ միայն առաջին պարբերություններն են կարդում, մինչդեռ տպագիր թերթում ամենահետաքրքիր նյութերը հնարավոր է խմբագիրը տեղավորած լինի ասենք 16-րդ էջում…»,-ասաց նա:
Ջոն Թյուսային էլ հարցրինք՝ ինչու չգնաց հոր ճանապարհով (հայրը Bata կոշկեղենի արտադրության հիմնադիրներից էր) եւ նախընտրեց լրագրությունը, ու ինչպե՞ս արձագանքեց հայրն իր որոշմանը: BBC-ի կարկառուն դեմքը նշեց, որ ծնված լինելով Չեխոսլովակիայում, իր հոր համար մեծ պատիվ էր, որ տղան աշխատում է BBC-ում եւ ունի հաջողություններ այդ ոլորտում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում՝ Ջոն եւ Էնն Թյուսաները