«Արձակուրդները եւս մեկ շաբաթով երկարաձգելու որոշումն աշակերտներին երկու բեւեռների է բաժանել: Մի մասը դեմ է այդ որոշմանը, մյուսները՝ կողմ»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Սահակյանը: «Մասնագետների մի մասն էլ կողմ է այդ որոշմանը: Ասում են, որ հիվանդությունների պատճառով դասերը պետք է հետաձգվեին: Աշակերտների մի մասն էլ դեմ է, կարոտել են ընկերներին, ցանկանում են հանդիպումներ ունենալ: Բայց մյուսներն էլ հիվանդ են: Եկեք չմոռանանք հիվանդ աշակերտների մասին»,-ասաց ուսուցչուհին:
Նրա խոսքով՝ եթե դասերը չհետաձգվեին, բացակաների թիվն ահռելի կլիներ. «20 հոգանոց դասարանում 8 աշակերտ հիվանդ է եղել: Հետեւաբար, վտանգ կար, որ հիվանդությունը կտարածվի, եթե աշակերտները մի վայրում հավաքվեին»:
Հասմիկ Սահակյանը նշեց, որ դասերը եւս մեկ շաբաթով ուշ սկսելը աշակերտների շրջանում ադապտացիայի խնդիր կառաջացնի. «Առաջին դասարանցիների մոտ ադապտացիան դժվար է ընթանում, բայց նույն խնդիրը բարձր դասարանցիների մոտ էլ կա: Արձակուրդների ժամանակ սովորում են ուշ քնել-արթնանալուն: Առաջին ժամերին ուղեղն արթնացած չի լինում եւ դժվար է դասն ընկալել»:
Կարդացեք նաև
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԳ նախարարի համապատասխան շրջաբերականով՝ բաց թողնված 3 շաբաթները լրացնելու համար անհրաժեշտ է օգտագործել գարնանային արձակուրդի համար նախատեսված օրերը. «Բացի այդ, դասացուցակին ավելանում է եւս մեկ հավելյալ ժամ: Ծնողներն ասում են, որ մեծ ծավալով թեմաները չեն կարող յուրացնել, բայց քանի որ մանկավարժները պրոֆեսիոնալ են, հնարավոր է խնդրից խուսափել»,-վստահեցրեց Հասմիկ Սահակյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ