Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատանի տղամարդկանց 80 տոկոսը ՌԴ-ում է. ռուբլու արժեզրկումն անգամ խոպան գնալու մտքից հետ չի պահում

Հունվար 25,2016 16:20

Aravot.am-ը Ազատան գյուղի ավագանու անդամ Գեւորգ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ռուբլու կտրուկ արժեզրկումը պատճառ չի՞ դառնում արդյոք գյուղի՝ ՌԴ-ի տարբեր տեղանքներ մեկնած տղամարդկանց հայրենիք վերադառնալու:

«Պատկերացրեք՝ ոչ. մեր գյուղի տղամարդկանց 80 տոկոսը դրսում է, Յակուտիայում են, Սախալինում, Մոսկվայում, Կրասնոդարում, Սոչիում… Ամանորին ընդառաջ շատերն են վերադարձել գյուղ, բայց այժմ պատրաստվում են նորից մեկնել: Իհարկե, շատ դժգոհ են եկել, ռուբլու այն կուրսը, որով վարձատրվել են իրենց աշխատանքի դիմաց, այնքան ցածր է, որ չաշխատածի հաշիվ է, բայց ասում են՝ չենք կարող մնալ հայրենիքում, մնանք ի՞նչ անենք: Ռուսական ռուբլու կուրսերով մոտ 200-240 հազար դրամի կարգի փող են ստանում, դա ի՞նչ փող է ասենք 6-7 հոգանոց ընտանիք պահող տղամարդու համար, հատկապես, երբ 6-7-8 հազար կիլոմետր են կտրում, հասնում աշխարհի ծայրը: Բայց թե ստիպված են գնում, այստեղ ընդհանրապես ապրելու հնար չկա:

Եթե 150-200 հազար դրամանոց մի աշխատանք լինի աշխատելու, կմնան, իրենց տան վրա կաշխատեն, բայց էդ 150 հազարանոց գործի հնարն էլ չկա, չեն գտնում…Իրենց միակ հույսն այն է, որ Ռուսաստանի ղեկավարությունը՝ նախագահը, վարչապետը, կենտրոնական բանկի նախագահը խոստանում են կարգավորել, արժեւորել ռուբլին մինչեւ հունիս-հուլիս: Իրենք էլ միամիտ-միամիտ հավատում են՝ չմտածելով, որ 2-3 տարի շարունակ գահավիժող տնտեսությունը 6 ամսում հնարավոր չէ կարգավորել:

Գյուղից ով հնարավորություն ունեցել, տարել է իր ընտանիքին, նրանք էլ հո չե՞ն վերադառնա: Գերադասում են թեկուզեւ սուղ միջոցով յոլա գնալ Ռուսաստանում, քան գալ Հայաստանում ու զիբիլի գնով մանրել ռուսական ռուբլին:

rublu_arjezrkum_1

Ասեմ, որ խոշոր գործարարները, որոնց մոտ 200-300 կամ 400 հոգի մարդ են աշխատում, արդեն իսկ հավաքել են իրենց բրիգադները՝ արհեստավորներին, վարորդներին, փականագործներին, անձնագրերն արդեն իսկ հավաքում են տոմսեր գնելու համար: Հիմնականում Շիրակի մարզի մարդկանց են տանում՝ Ազատանից, Գյումրիից, կողքի գյուղերից: Դրսի մարզերից էլ մարդիկ կան, բայց քիչ են, ասենք Լոռուց, Արմավիրից. եթե համապատասխան արհեստավորներին մեր մարզից չեն գտնում, այդ դեպքում նոր մեկը մյուսով, ասենք լավ փականագործը լավ փականագործի է ճանաչում մյուս մարզերից, մեխանիզատորները՝ մեխանիզատորի, էսպես հավաքում, տանում են»:

Մեր զրուցակիցը փաստում է, որ դեպորտ ունեցողների թիվը կտրուկ նվազել է: «Հիշո՞ւմ եք, երկու տարի առաջ ինչ թոհուբոհ եղավ, հիմա նախկինի պես չէ, պատճառն այն է, որ Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո աշխատանքային թույլտվություն, նման բան չկա: Նախկինում ՌԴ-ը մեկնելուն պես 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ժամանակավորապես գրանցվեիր, հասցե ունենայիր: Հիմա փոխվել է, մեկ ամիս հանգիստ , ազատ կարող ես առանց գրանցվել ման գալ ՌԴ-ի տարածքում, նոր մտածես փաստաթղթային հարցերը լուծելու մասին: Էն ժամանակ մինչեւ գնում էին, տեղավորվում, հաջորդ օրը ուշքի էին գալիս, մնում էր 5 օր, հերթեր էին գոյանում, մարդիկ չէին հասցնում իրենց հարցերը կարգավորել, իսկ մեկ ամիսը դրական ազդեցություն է ունեցել, մարդիկ հասցնում են իրենց անելիքն անել», -ասում է Գեւորգ Աբրահամյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031