«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարել էր, որ հունվարի 5-ին, ժամը 19-ի սահմաններում միջին տարիքի երկու ամրակազմ տղամարդիկ դարանակալել են «Նոր Հայաստան» ճակատի աջակից, ռուսաստանաբնակ Սյուզի Գևորգյանին, հետապնդել են նրան, այնուհետև՝ վրա հասնելով գետին են տապալել և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Aravot.am-ը Սյուզի Գեւորգյանից հետաքրքրվեց, թե գործը ի՞նչ փուլում է, նա մեզ հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ եւ ինքը տուժող կողմ է ճանաչվել. «Դեռեւս ամեն ինչ գնում է իր ընթացքով: Այդ տարածքում մի քանի տեսախցիկ կա, հիմա պահանջել ենք, որպեսզի հունվարի 2-5 ընկած ժամանակահատվածում դրանց ձայնագրությունները վերցնեն: Դեռեւս սպասում ենք»:
Նա հավելեց, որ իրեն դեռ հետապնդում են. «Շարունակում են հետապնդել, ինչ-որ սադրանքներ են պատրաստում: Փաստը, որ հետապնդում են, հստակ կարող եմ ասել՝ տան մոտ, օրվա ընթացքում տարբեր տեղեր, որ գնում եմ, խանութ, որ մտնում եմ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ