Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Խաչատրյան. «2016 թվականը Հայաստանի համար լինելու է բավականին լուրջ վայրիվերումների տարի» (Տեսանյութ)

Հունվար 25,2016 15:37

«2016 թվականը լինելու է ամենաբարդ եւ առավել հավանական է, որ շրջադարձային տարիներից մեկը համաշխարհային քաղաքականության մեջ»,- հունվարի 25-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

Նա չի կարծում, որ 2016 թվականի ընթացքում գոյություն ունեցող սպառնալիքները կարող են մեղմանալ. «Իհարկե՛, պետք է ասել, որ որոշ բաներ փոփոխվել են, բայց այնուամենայնիվ, հիմա մենք բոլորս պատկերացնում ենք, որ ղարաբաղյան կարգավորման հարցում մոտեցել է նոր, ինչպես հայտարարվում է, վճռորոշ փուլ, եւ պարզորոշ կերպով երեւում է, որ համենայն դեպս եվրոպական կառույցները փորձում են հավասարություն հաստատել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ: Այդ հավասարության դրսեւորումն են, իմ կարծիքով, ԵԽԽՎ ներկայիս զարգացումները: Զարգացումներ, որոնց հիմքերը կասկածելի են անգամ դեկլարատիվ հայտարարման ժամանակ, բայց այնուամենայնիվ, ըստ էության, դա գործընթացը չի կասեցնում, եւ փորձելու են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշանը հաստատել այն պայմաններում, երբ որ բոլորը գիտեն, որ մարդու իրավունքների առումով անհամադրելի է Հայաստանը Ադրբեջանի հետ»:

Վարդան Խաչատրյանը համարում է, որ Ադրբեջանը, ելնելով իր մատուցած ծառայություններից, սպասում է, որ իր նկատմամբ պետք է լինի մեղմ մոտեցում: Ըստ նրա, 2016 թվականը Հայաստանի համար լինելու է բավականին լուրջ վայրիվերումների տարի. «Չպետք է բացառենք, որ զարգացումները մեր տարածաշրջանում պարզ չէ, թե ինչպիսի բնույթ կկրեն, որովհետեւ եթե ժամանակին մենք ասում էինք, որ մեր հարեւան երկրները, ըստ էության, կռվում են մեկը մյուսի դեմ, նրանց քաղաքացիները սպանում են մեկը մյուսին, ապա այսօր պետք է ասել, որ այս ամենին գումարվել է այն հանգամանքը, որ Թուրքիան, ըստ էության, ունի 3 ռազմաճակատ, կռվում է, 3  վտանգավոր զարգացումների ուղղություններ, որտեղ ընթանում է թեժ պատերազմական ընթացք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031