Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: «Արմենպրես» ակումբում Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանն ասաց, որ աշխարհի 31 պետությունում այս օրը հիշում են հոլոքոստի զոհերի հիշատակը:
Տիկին Վարժապետյանն անդրադարձավ նաեւ հայոց ցեղասպանությանն ու կարծիք հայտնեց, որ ճանաչման համար անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանք, ինչպես հրեաներն են դա անում:
«Մենք ամեն օր պատմում ենք, խոսում Հոլոքոստի զոհերի մասին, նոր հուշարձաններ են կառուցվում, նոր փաստեր են վերհանվում: Այսինքն` ուսումնասիրությունը չի դադարում, այդ ակցիաները չեն անցկացվում դեպքից դեպք կամ առիթից առիթ: Հայոց ցեղասպանության 100ամյակի շրջանակներում անցկացված միջոցառումները բավական մեծ հնչեղություն ունեցան, այդպես պետք է շարունակել, ոչ մի դեպքում չի կարելի կանգ առնել»,- ասաց Ռիմա Վարժապետյանը:
Նրա խոսքով, հրեաները հատուկ ֆինանսավորում են հատկացնում Հոլոքոստի ճանաչման գործընթացին. «Ֆինանսավորվում են հետազոտական աշխատանքները, թանգարանները, գիտահետազոտական ինստիտուտները, տարբեր նախագծեր… չկա որևէ հրեա գործարար, որը ներդրում չունենա այդ գործընթացում: Հայերը պետք է ոչ թե թախծոտ աչքերով երկխոսեն աշխարհի հետ, այլ պահանջատեր լինեն: Պետք է ամեն ինչ անեն, որ աշխարհն իմանա 1915 թվականի կատարվածի մասին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ