Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Եվրոպան Թուրքիայի վրա ազդելու լծակ չունի»

Հունվար 25,2016 14:15

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի ավարտին ընդունվեց համատեղ հայտարարություն`16 կետից բաղկացած, որում անդրադարձ կա նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, եւ առաջին անգամ խոսվում է սահմանի`միակողմանի փակ լինելու մասին: «…արձագանքում է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի 2015 թվականի հունիսի 10-ի կոչին, որում հորդորվում է կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունների վավերացման եւ միակողմանիորեն փակված սահմանի բացման միջոցով: Աջակցում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնություններին՝ համոզմունք ունենալով, որ դրանք կարող են վերջ դնել տարածաշրջանում որեւէ երկրի մեկուսացմանը: Լիահույս է, որ նման զարգացումները կօգնեն հաղթահարելու անցյալի ժառանգությանը եւ խիզախորեն առերեսվելու դրա հետ»,- ասված է հայտարարության մեջ:

Աշխարհաքաղաքական այս իրավիճակում, երբ Թուրքիան բավական բարդ խնդիրների առջեւ է կանգնած, հնարավորություն կա՞ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին անդրադառնալով`այդպես չէլ չվավերացված արձանագրությունների կամ նոր պայմանավորվածությունների տեսքով`Aravot.am-ի հարցին, քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց. «Ես տակավին վերջերս`դեկտեմբերին եմ եղել Թուրքիայում, Անկարայում: Այնտեղ հանդիպումներ եմ ունեցել ինչպես վերլուծաբանների, այնպես էլ կառավարման համակարգում որոշումներ կայացնող շրջանակների հետ եւ ոչ մի հիմք մտածելու, որ ինչ-որ տեղաշարժ հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունների առումով, չունեմ»:

Քաղաքագետը նկատում է, որ Եվրոպան ընդհանրապես լծակներ չունի Թուրքիայի վրա ազդելու, որ այդ երկրում «փափուկ ուժը» չի աշխատում`ուղղակի ճնշում է պետք: Նման ազդեցություն Թուրքիայի վրա ԱՄՆ-ը կարող է ունենալ, բայց, այս պահին գործիքակազմը բավարար չէ`մանավանդ Մերձավոր Արեւելքում այժմ ընթացող զարգացումների ֆոնին:

«Թուրքիայի հետ բավական զգույշ են աշխատում: Ակնհայտ է, որ շատ հարցերում Թուրքիան սպառնալիք է ներկայացնում, բայց կան շատ հարցեր էլ, որտեղ Թուրքիան պետք է: Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են»,- ասաց քաղաքագետը`հավելելով, որ Թուրքիայում էլ շատ լավ հասկանում են, որ իրենք «եվրոպական հեռանկարներ» չեն կարող ունենալ, առավել ևս, որ ներքին բազմաթիվ խնդիրներ ունեն: «Հայաստանն էլ ինքնին Թուրքիայի համար ոչ տնտեսական, ոչ կոմունիկացիոն հետաքրքրություն չի ներկայացնում: Ուստի, որեւէ տեղաշարժ հայ-թուրքական հարաբերություններում այս իրավիճակում, չեմ տեսնում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031