Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը պնդում է, որ էներգետիկայի նախարարությունը՝ նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ, շարունակում է հայ ժողովրդին խաբելու քաղաքականությունը:
«Աշխարհում վերականգնվող էներգիայի բաժինը օր օրի բարձրանում է, ու նավթի, գազի գինը գնալով պետք է էժանանա: Մեզ անընդհատ խաբում են: Էներգետիկայի նախարարությունը՝ Երվանդ Զախարյանի գլխավորությամբ, հայ ժողովրդին անընդհատ խաբում է, հաշվարկներ ներկայացնում մինչեւ 2036 թվական եւ այդ հաշվարկներում գրված է՝ գազի գինը թանկանալու է: Բոլորը գիտեն, որ աշխարհում էժանանում է ու գնալով էժանանալու է, բայց մեզ խաբում են, որ արդարացնեն Հայաստանում գազի սակագնի թանկացումը»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Արշակ Սադոյանը:
Պարոն Սադոյանը հարցադրում է ներկայացնում՝ աշխարհում էժանացող գազն ինչո՞ւ հայ ժողովրդի կամ արդյունաբերության վրա չի անդրադառնում. «Պարզվում է , որ ՀՀ անկախ հանձնաժողով կոչվածը՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, պատրաստ է ամեն ձեւի խաբել հայ ժողովրդին, լռել, որ աշխարհում գազի գինը էժանացել է: Առաջարկում եմ՝ պետք է պայքարել թալանի, գաղութացման դեմ: Թալանը պրյամոյ շարունակվում է, օրերը մի քիչ տաքանա, Բաղրամյանի ջահելներին կոչ ենք անելու, գան, միանան՝ գնանք ու պահանջենք՝ գազը էժանացրեք»:
Ըստ նրա, երեք անգամ հնարավոր է Հայաստանում գազի սակագին իջեցնել:
Կարդացեք նաև
Սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանի գնահատմամբ, արատավոր մեխանիզմ է գործում Հայաստանում. «Պետք մտցվի դիֆերենցված սակագին՝ ըստ սպառման ծավալի: Առաջարկել ենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, ասաց՝ լավ գաղափար է, կքննարկենք, անցել է հինգ ամիս, ձայն չկա»:
Ըստ նրա Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը էլի է թանկանալու. «Ատոմակայանը որ եւս տասը տարի աշխատի, մի քանի հարյուր միլիոն դոլարի ծախսեր են պետք… Մեր ատոմակայանը կանգնելու է վեց ամիս, հիշելու ենք այն թվերը, որ ապրեցինք մոմի լույսի տակ, ատոմակայանը արտադրում է մեր հոսանքի 45 տոկոսը, մոմի տակ էլի պիտի ապրենք: Փոխանակ մեր կառավարությունն արագացնի ատոմակայանի շինարարությունը, իմ ներկայությամբ նախարար Երվանդ Զախարյանն ասաց՝ որքան ուշ կառուցենք, այնքան լավ, որքան փոքր կառուցենք, այնքան՝ լավ: Երկուսն էլ աբսուրդ է, ճիշտ հակառակն է պետք անել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ