Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը չպիտի քիթը խոթի ու ՀԿ-ից հաշվետվություն ուզի». Ալեքսանդր Արզումանյանն ուզում է լսել ՀԿ-ների կարծիքը (Տեսանյութ)

Հունվար 25,2016 13:35

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հասարակական կազմակերպությունների» մասին օրենքում, որպեսզի դաշտն ավելի հստակեցվի:

Այսօր այդ մասին ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ, օրինակ, ներկայումս մյուս կազմակերպությունների գրանցումն իրականացվում է 2-օրյա ժամկետում, իսկ ՀԿ-ներին գրանցում են 21-օրյա ժամկետում. «Շատ ՀԿ-ներ չեն կարողանում ֆինանսական իրենց հարցերը լուծել, հնարավորություն ենք տալիս ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել, խորհրդատվական ծառայություններ մատուցել»:

Նախագծով որոշակի կանոններ են սահմանվում նաեւ անդամակցության հետ կապված, որով փոքր գիտական խմբերին հնարավորություն են տալիս անդամակցության վրա չհիմնվել:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցրեց՝ հաշվի առե՞լ եք ՀԿ-ների կարծիքը: Սուրեն Քրմոյանը վստահեցրեց, որ հաշվի են առել գրեթե բոլոր առաջարկները, հանդիպել եւ քննարկել են շուրջ 300 կազմակերպությունների հետ:

Ալեքսանդր Արզումանյանը կասկածեց, որ ՀԿ-ները համաձայնություն են տվել այս նախագծին. «Նախագծում կա 5 մլն դրամի դեպքում պարտադիր աուդիտ անցկացնելը, գիտեմ, որ շատերը դեմ են սրան: Ես դրա համար ձեռնպահ եմ, պետք է քննարկել ՀԿ-ների հետ: Գաղափարը լավն է, պետք է սպասել՝ լսումներն անենք, նոր ընդգրկենք օրակարգ: Մեր դառը փորձը ցույց է տալիս, որ մեծամասնությունը քվեարկում եւ անցկացնում է կառավարության ցանկացած առաջարկ, որը կա օրակարգում, դրա համար մինչ օրակարգ մտցնելը պետք է մի քանի պրոֆեսիոնալների կարծիքը լսել»:

Mardu_iravunqneri_handzn-2

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ ասաց, որ լսումներ պարտադիր պետք է լինեն. «Լսումների գաղափարը շատ կարեւոր եմ համարում»: Սուրեն Քրմոյանը պատասխանեց, որ ՀԿ-ների հետ արդեն քննարկումներ եղել են, եւ ՀԿ-ների կողմից եղել է համաձայնություն այս նախագծի շուրջ: Նա ասաց, որ պատրաստ են նորից ռացիոնալ առաջարկներ լսել եւ հաշվի առնել. «Պատրաստ ենք ՀԿ-ների հետ աշխատել, ԱԺ-ի հետ աշխատել»:

Ալեքսանդր Արզումանյանը պնդեց. «Ինչքան ՀԿ կա Հայաստանում, բոլորը բողոքել են հաշվետվության հետ կապված: Մարդը աշխատավարձը ստանում է, հարկերը մուծում է, ստեղ հազարումի թղթեր են պահանջում: Ես չեմ տեսել ՀԿ, որը գոհ է այդ հաշվետվությունից: Հիմա եթե այդ 300-ը գոհ են, ուրեմն ինչ-որ փոփոխություն եք արել»:

Քրմոյանը նշեց, որ թափանցիկության համար է դա արվել. «Մենք կարողացել ենք համոզել, որ պետությունը պետք է թափանցիկ աշխատի, եւ ՀԿ-ներն էլ պետք է թափանցիկ աշխատեն: Քննարկման առաջին փուլում հաշվետվողականության մասով եղել է դժգոհություն, փորձել ենք կոնսենսուսի հասնել»:

Ըստ Ալեքսանդր Արզումանյանի, «Եթե ես եմ փողը տալիս, դրամաշնորհ եմ տալիս, ես էլ պետք է գնահատեմ՝ նա ճիշտ է աշխատել, թե՞ չէ: Պետությունն այստեղ անելիք չունի: Պետությունը չպիտի քիթը խոթի մասնավոր ֆոնդ-հասարակական դաշտ: Եթե լավ չի աշխատում, քաղաքացիները կբոյկոտեն ի վերջո այդ ՀԿ-ն»:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ ձեռնպահ քվեարկեց միայն Զարուհի Փոստանջյանը, իսկ Ալեքսանդր Արզումանյանն, այնուամենայնիվ կողմ քվեարկեց՝ պայմանով, որ անպայման կլինեն լսումներ, մինչեւ մեծ օրակարգում հարցի քննարկումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    К чему эти истеричные вопли, г Арзуманян? Ай,ай,ай——- не дают спокойно разрушать страну??? Какой нехороший человек это Государство!!!! )))))))

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031