Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիլիթի ազատ արձակվելու մասին ԶԼՄ-ներից եմ տեղեկացել, նա գյուղ դեռ չի եկել». Արեւիկի գյուղապետ

Հունվար 25,2016 13:33

Գյումրու «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի աշխատանքները համակարգող 30-ամյա լրագրող Լիլիթ Թորոսյանն այսօր ազատ է արձակվել, նախաքննական մարմինը կալանքի ժամկետի ավարտին փոխել է նրա խափանման միջոցը՝ ստորագրություն վերցնելով երկրից չհեռանալու մասին:

Այս փաստն անչափ ուրախացրել է Լիլիթ Թորոսյանի գյուղի՝ Արեւիկի բնակիչներին, որոնք ի սկզբանե հայտարարել էին, որ չեն հավատում, թե նրա պես կիրթ ու հավասարակշռված աղջիկը կարող է որեւէ կապ ունենալ Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խմբի հետ:

Արեւիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանն Aravot.am-ին ասաց. «Լիլիթի ազատ արձակվելու մասին լրատվամիջոցներից եմ տեղեկացել, նա գյուղ դեռ չի եկել, չեմ տեսել, չեմ զրուցել հետը, հարազատներն էլ ամենայն հավանականությամբ գնացել են նրան դիմավորելու»:

Հիշեցնենք, որ Լիլիթ Թորոսյանին «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թութունջյանի հետ միասին ձերբակալել էին նոյեմբերի 25-ին, երբ ԱԱԾ-ն Ղորղանյան 83 հասցեում գտնվող ռադիոկայանում կատարել էին խուզարկություններ ու առգրավվել էր լրատվամիջոցի համակարգիչները:

Aravot.am-ը փորձեց ճշտել, թե փոխվե՞լ է արդյոք Հայ Անտոնի խափանման միջոցը. նա 71 տարեկան է, առողջական որոշակի խնդիրներ ունի, նրա խնամքին 96-ամյա մայրն է: Մենք կապ հաստատեցինք փաստաբան Լեւոն Բաղդասարյանի հետ, որը ի սկզբանե պաշտպանում էր վարդապետի շահերը: Նա տեղեկացրեց, որ այլեւս այս անձի շահերը չի պաշտպանում: Թե ո՞վ է հիմա պաշտպանում Հայ Անտոնի շահերը, մեզ չհաջողվեց ճշտել անգամ «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի գրասենյակից:

Հայր Անտոնի մոր խնամակալը՝ տիկին Սաթենիկը մեր հեռախոսազանգերին տեւական ժամանակ է չի պատասխանում, չեն պատասխանում նաեւ «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի պաշտոնական կայքում տեղադրված հեռախոսահամարներին. թե՛ քաղաքային եւ թե՛ բջջային:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031