ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման և սպանության դեպքի առթիվ։
Նախնական քննության տվյալներով՝ հունվարի 23-ի լույս 24-ի գիշերն առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, դանակով զինված, մուտք են գործել Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ, 1929թ. ծնված Կառլեն Իսրաելյանի կացարան, որտեղ վերջինս գտնվել է իր որդու՝ 1959թ. ծնված Ռազմիկ Իսրաելյանի հետ, և գումար պահանջել։ Մերժում ստանալով՝ տուն ներխուժած անձինք առանձին դաժանությամբ դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել հայր և որդի Իսրաելյաններին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Ռ.Իսրաելյանը մահացել է, իսկ Կ.Իսրաելյանը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Դեպքի վայրի զննությամբ վերցվել են փորձանմուշներ և նշանակվել փորձաքննություններ։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարականներ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
ՀՀ Քննչական կոմիտե