Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «ԼՂՀ հարցը որոշվում է Քաշաթաղում եւ Մարտակերտում»

Հունվար 25,2016 13:21

Այսօր արդեն մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Վաղը քվեարկության կդրվեն հակահայկական երկու զեկույցներ` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերնագրերով: Մեկը՝ ԼՂՀ-ի, մյուսը Սարսանգի ջրամբարի վերաբերյալ:

Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ հավանականությունը բավական մեծ է, որ այդ զեկույցներից գոնե մեկը կանցնի`չնայած, եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում նաեւ Մինսկի խմբի համանախագահների հորդորին`ուղղված ԵԽԽՎ-ին, հավատարիմ մնալ ԼՂՀ հարցի շուրջ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող գործընթացին: Իր կարծիքը նա բարձրաձայնեց «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Միաժամանակ, քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում գերագնահատեցին այդ զեկույցների, ընդհանրապես, ԵԽԽՎ-ի կարծիքը ԼՂՀ հարցի վերաբերյալ: Նա հիշեցնում է ԵԽԽՎ-ին, 2007 թվականին ընդունված 1416 բանաձեւը, որում նույնպես կոշտ ամրագրումներ տեղ գտան ԼՂՀ հարցի վերաբերյալ: «Որեւէ մեկը հիշո՞ւմ է այն, ի՞նչ նշանակություն այն ունեցավ»,- հարցադրումներ հնչեցրեց բանախոսը:

Այս ամենի համատեքստում, ըստ պրն Իսկանդարյանի՝ բավական հետաքրքրիր էր Մինսկի խմբի վերջին հայտարարությունը`ուղղված ԵԽԽՎ-ին, առավել հետաքրքրական` Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը դրան. «Էլի անտեղի չափազանցված»: Նա կարծում է, որ ԵԽԽՎ-ում մարդիկ այդքան էլ չեն պատկերացնում`ի՞նչ է Ադրբեջանը, Հայաստանը, ԼՂՀ-ն: Նա ծիծաղելի ձեւակերպումներ է տեսնում Սարսանգի ջրամբարին վերաբերվող Միլիցա Մարկովիչի զեկույցում, ուստի հորդորում է, այդքան լրջություն չհաղորդել այդ զարգացումներին, քանի որ. «ԼՂՀ հարցի վերաբերյալ բոլորը կարծիք կարող են հայտնել, բայց հարցն, իհարկե, միայն Մինսկի խմբի տիրույթում է»:

Ըստ քաղաքագետի, առավել ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք աննկատ են անցնում: Օրինակ, ԼՂՀ-ում, Մարտակերտում մետաղահանքի նոր արտադրություն է սկսվում, ինչի լուսաբանումը նա չի տեսնում: Ադրբեջանը սկսում է «լռել», Ադրբեջանում լուրջ գործընթացներ են ընթանում, Ադրբեջանի ոսկու պաշարները 18 միլիարդից իջել են 5-ի: Շատ թվային տվյալներ չեն էլ թարմացվում արդեն:

«Այն Ադրբեջանը, որն այս ամբողջը նախաձեռնել էր, արդեն չկա: Ադրբեջանում բավական լուրջ կառուցվածքային փոփոխություններ են ընթանում: Սա շատ կարեւոր է, սա պետք է գիտակցել»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա, ԵԽԽՎ-ում նստած են ճանաչված պետությունների երկրներից ներկայացուցիչներ, որոնց շատ բարդ է «կոտրել», մանավանդ, որ աշխարհաքաղաքական իրավիճակն էլ մեծ դեր է խաղում, բայց դա չի նշանակում, որ ԵԽԽՎ-ում աշխատանքը պետք է ստորադասել. «ԵԽԽՎ-ում աշխատանքի դաշտ կա, իհարկե, բայց նաեւ բարդ է աշխատել: Օրինակ՝ Ֆրանսիայի, Հունաստանի հետ կարելի էր բավական արդյունավետ աշխատել, բայց կա Մեծ Բրիտանիան եւ այլն: Ուղղակի կաշառքով կամ լավ կազմակերպված աշխատանքով դժվար է արդյունավետ աշխատել ԵԽԽՎ-ում: ԵԽԽՎ-ում աշխատանքը կարեւոր է, եւ այն այնքան կազմակերպված պիտի լինի, որ նաեւ ադրբեջանական լոբբիստական գործունեությանը հակազդենք»:

Քաղաքագետը բավական ուշագրավ զարգացումներ է մատնանշում ԱՄՆ-ՌԴ դիրքորոշումներում`Ուկրաինայի հարցում, Սիրիայում զարգացումները, որոնք ըստ նրա, ուղղակիորեն առնչվում են ԼՂՀ-ին: Բայց. «Ղարաբաղի ճակատագիրը ոչ Մոսկվայում, ոչ Վաշինգտոնում, ոչ Բրյուսելում, ոչ էլ անգամ Երեւանում չի որոշվում, այլ Քաշաթաղում, Մարտակերտում եւ ԼՂՀ-ի մյուս բնակավայրերում`Լեռնային Ղարաբաղի հանրապետության շինարարությամբ»:

Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, ներքաղաքական փոփոխությունների հույս կարող են լինել 2017-ի ընտրությունները: Իսկ մինչ այդ`ՀՀԿ-ն ում կհամաձայնի կոալիցիա վերցնել, ում `ոչ, ոչինչ էլ չի փոխի, ճիշտ այնպես, ինչպես ոչինչ չփոխվեց, երբ այդ ուժերը ժամանակին դուրս եկան կոալիցիայից. «Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն է որոշում`ո՞ւմ վերցնել կոալիցիա, ե՞րբ հանել կոալիցիայից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031