Այսօր Ստրասբուրգում Երևանի ժամանակով 13.30-ին կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Հունվարի 25-29-ը ընթացող նստաշրջանը Հայաստանի համար ճակատագրական է այն առումով, որ օրակարգում ներառված է երկու հակահայկական զեկույց՝ Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրերով: Այս բանաձևերի նախագծերի քննարկումը և քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 26-ին՝ Երևանի ժամանակով ժամը 12.00-ից սկսած:
Ըստ օրակարգի՝ այսօր՝ նստաշրջանի առաջին օրը, տեղի կունենա ԵԽԽՎ-ն նոր նախագահի ընտրություն: Թեկնածուն է Եվրոպական ժողովրդավարական կուսակցության խմբի ղեկավար, իսպանացի Պեդրո Ագրամունտը: Նա աչքի է ընկնում ադրբեջանամետ դիրքորոշմամբ։
Նստաշրջանում ելույթ կունենա ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը, Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դանիել Միտովը որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող։
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում նախատեսված են քննարկումներ Եվրոպայում միգրացիայի և փախստականների ճգնաժամի, միջազգային ահաբեկչության վերաբերյալ: Կքննարկվի նաև «Իրավիճակը Կոսովոյում» զեկույցը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը ԵԽ անդամ երկրներում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ