Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը՝ քվեարկության էլեկտրոնային համակարգի մասին. «Ժողովրդի ձեռքից կհավաքեն այդ քարտերը»

Հունվար 25,2016 12:54

«Նայած ինչ ձեւի էլեկտրոնային քվեարկություն։ Միայն մատնահետքով քվեարկությունը քիչ է, պետք է անպայման ցուցակները հրապարակվեն։ Մատնահետքի դեպքում կարող են տարբեր մատներ դնեն։ Իսկ քարտային համակարգն ամենավտանգավորն է, որովհետեւ ժողովրդի ձեռքից կհավաքեն այդ քարտերը»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանն անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքի մշակմանն ասաց, որ ՀՀԿ-ն ոչ միայն կողմ է քվեարկության էլեկտրոնային համակարգին այլ նաև ջատագովն է եւ ամենակարևորը կան դոնորներ, որոնք պատրաստ են այդ համակարգը ներդնել։

Ավելի վաղ «Առավոտ»-ին տված հարցազրույցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես նշել էր, որ իրենք առաջարկում քվեարկության էլեկտրոնային համակարգը։ Նա նաեւ հավելել էր, որ իշխանությունների հետ բանակցությունների մեջ կմտնեն միայն, եթե իրենց միջազգային գործընկերները միջնորդեն եւ միայն եռակողմ ձեւաչափով։

Անդրադառնալով Գագիկ Մինասյանի հայտարարությանն՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նույնիսկ ամենագերազանց Ընտրական օրենսգրքի պայմաններում արդար ընտրություններ չեն կարող լինել, եթե քաղաքական կամք չկա։ «Այստեղ խնդիրը ոչ այնքան Ընտրական օրենսգիրքն է, որքան քաղաքական կամքը։ Եվրոպական շատ երկրները մեր նման մանրակրկիտ կարգավորված Ընտրական օրենսգիրք չունեն, բայց նորմալ ընտրություններ են անցկացնում»։

«Ժառանգության» փոխնախագահը բացառում է, որ Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացում ընդդիմության մասնակցության դեպքում դրական փոփոխություններ կլինեն. «Մեծամասնությունն իրենք են։ Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կա ընդդիմության օգնության կարիքը։ Մեծամասնությունն իրենք են, ինչ նպատակահարմար են գտնում, դա էլ ընդունում են»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մշակման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կազմակերպվող ընդունելություններին առաջին փուլին «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը եւ Ռուբիկ Հակոբյանը մասնակցեցին, ներկայացրեցին իրենց առաջարկները, իսկ հետո հրաժարվեցին մասնակցել հետագա քննարկումներին՝ բացատրելով, որ իրենց առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել։

Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ հիմա էլ «Ժառանգություն»-ը չի ցանկանում մասնակցել քննարկումներին եւ ներկայացնել իր առաջարկներն այն դեպքում, երբ երկու կուսակցության մոտեցումները նոր օրենսգրքի շուրջ նման են, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Քանի որ դրանից հետո իմ մազերի սպիտակությունն այդքան չի շատացել եւ հիշողությունս տեղն է, հիշում եմ, որ մերժեցին։ Դեկտեմբերի 6-ին հանրաքվեի աննախադեպ ծավալի կեղծիքներից հետո տեսնում ենք, որ ընտրակեղծարարություն իրականացրած անձինք չեն դատապարտվել, ինչի՞ մասին է խոսքը։ Մենք չենք տեսնում իշխանության կողմից քայլեր, որոնք բերում են ճգնաժամի հանգուցալուծմանը»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031