Ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Ս.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Արմեն Ս.-ն հայտնել է, որ 2014 թվականի նոյեմբերին ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողը պարբերաբար բռնություն է կիրառել իր նկատմամբ, նսեմացրել է արժանապատվությունը, որպեսզի խոստովանի Արարատի մարզի բնակիչ Հ. Գ.-ին սպանելու հանգամանքը, սակայն իրականում ինքը որևէ առնչություն չունի հիշյալ սպանության հետ: Ինքը քրեական գործի նախաքննության փուլում այդ մասին չի հայտնել` նպատակ ունենալով հայտարարել դատաքննության ընթացքում:
Արմեն Ս.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն