Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Առարկաների ուսուցումից դեպի թեմաների ուսուցում

Հունվար 25,2016 16:00

Տեղեկատվական դարում վաճառվում են
նախեւառաջ գիտելիքները, ոչ թե ապրանքները

«Պողոսիկ, արի գրատախտակի մոտ: Ի՞նչ էր այսօր հանձնարարված»: «Նար-Դոսի «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» պատմվածքը: «Դե, պատասխանիր դասդ»: «Գլխավոր հերոսուհուն՝ Անանին, սկզբից սկեսուրն է չանգռում՝ գիժ Հոռոմսիմը՝ այն բանի համար, որ շաքարը շաքարամանից պակասել է, իսկ այնուհետեւ ամուսինը՝ Յագորը, սպանում է»: «Շատ լավ, Պողոսիկ, պատմվածքը կարդացել ես: Իսկ հիմա ասա, խնդրեմ՝ ինչի՞ մասին է Նար-Դոսի այդ գործը»: «Կնոջ ստրկական վիճակի մասին»: «Ապրես, նստիր՝ 5»:

Ահա այդպես է տասնամյակներ շարունակ մեր դպրոցներում դասավանդվում գրականությունը եւ մնացած բոլոր առարկաները: Ով կարող է տեղեկատվությունը հիշել եւ վերարտադրել, նա լավ աշակերտ է, ով չի կարող՝ վատն է: Որն է այս պատմվածքի «գործնական կիրառումը»՝ դժվար է ասել. որ աղջիկներին չի՞ կարելի նեղացնել, որ շաքարին պետք է խնայողաբա՞ր վերաբերվել, թե՞ որ ամուսնանալուց առաջ պետք է ստուգել՝ արդյոք սկեսուրդ գժի թուղթ ունի՞, թե՞ չէ: Եթե տվյալ պատմվածքն անցնում էին այս նպատակներով, ապա կարելի է արձանագրել, որ հայ իրականության վրա այդ գիտելիքները, համենայնդեպս, որոշիչ ազդեցություն չեն ունեցել:

Բայց ինչո՞ւ միայն հայ իրականության: 20-րդ դարում գրեթե ամբողջ աշխարհում կրթությունն իրականացվում էր այդ մեթոդով: Երեխայի, ուսանողի ճակատին դրվում է «զենքը»՝ գնահատականի տեսքով, եւ պահանջվում է վերարտադրել դասագրքում՝ երբեմն անհասկանալի չափանիշներով զետեղված տեղեկատվությունը: Արդյունաբերական դարաշրջանում, որի մոդելը գործարանն էր, որտեղ պետք էին գրագետ բանվորներ եւ ինժեներներ, այդ մոտեցումը միանգամայն արդարացված էր: Բայց տեխնոլոգիաների դարում, երբ վաճառվում են ոչ այնքան ապրանքները, որքան գիտելիքները, այդ մոտեցումը հնացած է: Ինձ թույլ տամ անգամ ենթադրել, որ համաշխարհային տնտեսության մեջ բացասական միտումները՝ Չինաստանից ու Հնդկաստանից սկսած եւ Միացյալ Նահանգներով ավարտված, մասամբ բացատրվում են նրանով, որ կրթական համակարգի պատրաստած կադրերը, փոխաբերական իմաստով ասած, «ինժեներական են», այսինքն՝ ուղղված են ոչ թե նոր գիտելիք ստեղծելուն, այլ եղած գիտելիքներով «առաջադրանքներ կատարելուն»: Պատահական չէ, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծում է խմբակներ դպրոցներին կից՝ ոչ թե դպրոցական առարկայական ծրագրի շրջանակներում: Պատճառը ոչ միայն այն է, որ վերջին դեպքում դպրոցների տնօրենները պարզապես «ժամեր կգրեն» իրենց պահակների կամ հարսների վրա, որոնք այդ առարկաները չեն պարապի, այլեւ «գլոբալ» մտահոգությունը հաշվի առնելով. նույնիսկ տնօրենների բարեխիղճ մոտեցման դեպքում որպես դպրոցական «առարկա» ծրագրավորումն ու հարակից հմտությունները անցնելու են այնպես, ինչպես անցնում են Նար-Դոսի «Մեր թաղը»:

Ես միշտ մտածել եմ եւ նույնիսկ գրել եմ, որ եկել է «առարկա» հասկացությունից հրաժարվելու ժամանակը: Եվ ահա վերջերս կարդացի, որ կրթության առումով ամենաառաջադեմ երկրում՝ Ֆինլանդիայում, նույնպես մտածում են դրա մասին: Ֆինները մինչեւ 2020 թվականը պատրաստվում են հրաժա րվել ըստ առարկաների ուսուցման ավանդական սխեմայից եւ դասերը կազմակերպել ըստ թեմաների: Չի լինի գրականության, պատմության կամ, ասենք, մաթեմատիկայի ժամ, այլ կլինի ժամ կամ ժամերի շղթա, որը նվիրված է այս կամ այն թեմային: Ենթադրենք, երեխաները ուսումնասիրում են «ռեստորան» թեման՝ դրա մեջ են մտնելու մաթեմատիկան, լեզուները եւ շփման հմտությունները: «Եվրամիություն» դասընթացի համար պետք կլինեն պատմությունը, տնտեսագիտությունը, աշխարհագրությունը եւ դարձյալ լեզուները: Ընդ որում, երեխաները բաժանվելու են փոքր խմբերի, եւ խրախուսվելու է թիմային աշխատանքը:

Նման արմատական փոփոխությունների Հայաստանը, պարզ է՝ պատրաստ չէ: Բայց ինչ-որ քայլեր այդ ուղղությամբ պարտադիր են: Մեր կրթության պատասխանատուների, տնօրենների երեւակայությունը, որքան հասկանում եմ, այդ ուղղությամբ զարգացած չէ: Երեւի «Մեր թաղն» էլ պետք է անցնել (չնայած մենք ունենք շատ ավելի տաղանդավոր գրողներ): Բայց, օրինակ, որպես բեմականացում՝ նվիրված 19-րդ դարի Թիֆլիսին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկուհի says:

    Ինչպես միշտ, շատ դիպուկ դիտարկում:Հայտնի ասացվածքի պես, այսօր դպրոցականին պետք է ոչ թե ձուկ տալ, այլ կարթ՝ ձուկ բռնելու համար: Պետք է սովորեցնել թե ինչպես սովորեն, զարգացնել հաղորդակցման, ձեռներեցության և կարիերայի կարողություններ:
    Կառչելով առարկաներից ու դատարկ գնահատականներից՝ այսօր դեռահասներն առանց գիտակցելու իբրև թե ընտրում են մասնագիտություն՝ ընդունվելով այս կամ այն քոլեջը կամ բուհը, իսկ ուսանողներն ավարտելով կարմիր դիպլոմով՝ այդպես էլ չեն գիտակցում՝ ի վերջո ինչ մասնագիտություն էին ընտրել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031