Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հաջորդ Օմբուդսմենը պետք է փորձ ունենա եւ կարողանա հավասարակշռված գնահատականներ տալ»

Հունվար 25,2016 15:30

Անցած տարվա հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստների եւ ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանները բռնություն կիրառեցին: Կոտրվեցին լրագրողների տեսախցիկները, առգրավվեցին հիշողության քարտերը եւ այլն: Դեկտեմբերի 6-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում նույնպես մի շարք միջադեպեր եղան:

Այս տարվա հունվարի 12-ին հրաժարական տվեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Արդյոք վերոնշյալ իրադարձություններից կարելի՞ է եզրակացնել, որ անցած տարվա ընթացքում Հայաստանը հետընթաց է արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս հարցի պատասխանը ստանալու համար «Առավոտ»-ը մեկնաբանություն խնդրեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանից:

«Դժվար է ասել: Իհարկե, հունիսի 23-ի դեպքերը եւ դրանից հետո քննության բացակայությունը համակարգային խնդիրը ցույց են տալիս: Այդ իմաստով կարելի է նման եզրակացություն անել: Ենթադրություն կլինի ասելը, որ ՄԻՊ-ի նկատմամբ ճնշում է եղել, դրա համար է դուրս եկել. ոչ ինքն է բան ասում, ոչ էլ մենք փաստ ունենք: Ուստի այդ իմաստով ես չեմ ուզում ենթադրության վրա կարծիք հայտնել»,- պատասխանեց Արա Ղազարյանը:

Ըստ նրա՝ Կարեն Անդրեասյանը պետք է անպայման բացատրություն տա, թե ինչու է հրաժարական ներկայացրել: Մեր դիտարկմանը, թե իր վերջին հայտարարության մեջ Անդրեասյանը նշել էր, որ եթե 2016 թվականին էլ հենց ինքը մնար Մարդու իրավունքների պաշտպան, ապա այս կարեւորագույն ինստիտուտն այլեւս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների աշխատանքի շնորհիվ, Արա Ղազարյանն արձագանքեց, որ դա ոչինչ չի ասում. «Մեզ փաստ է պետք, ոչ թե խորհրդավոր բաներ: Հանրությունն ուզում է իմանալ, թե ինչու ՄԻՊ-ը հրաժարական տվեց»:

Արա Ղազարյանը կարծում է, որ Կարեն Անդրեասյանի գործունեության ընթացքում Օմբուդսմենի ինստիտուտն ավելի կայացավ. «Մենք տեսնում էինք, որ տարբեր օղակներ այդ ինստիտուտում աշխատում էին՝ անկախ նրանից, թե ՄԻՊ-ն այդ օրը կլինի՞ գրասենյակում, թե՞ ոչ: Համակարգը հստակ աշխատում էր: Այսինքն` դա մեր իրականության այն ինստիտուտների նման չէր, որոնք կախված են մի անձից: Իսկապես ավելի ինստիտուցիոնալ բնույթ է կրում այսօր ՄԻՊ-ի գրասենյակը: Տարբեր խմբեր կան, տարբեր ընթացակարգեր կան, եւ բոլորն աշխատում են: Ես իմ սեփական փորձով համոզվել եմ դրանում: Մենք միասին աշխատել ենք, ինքը որպես կազմակերպիչ լավ հմտություն ունի»:

Հետաքրքրվեցինք, թե ո՞րն է պատճառը, որ իշխանությունը սկզբում նշանակում է Մարդու իրավունքների պաշտպաններ, հետո նրանց կողմից որեւէ խիստ հայտարարությունից կամ զեկույցից հետո սկսում է քննադատել՝ հասնելով նույնիսկ անձնական վիրավորանքների մակարդակի, եւ այդպես եղել է բոլոր 3 Օմբուդսմենների դեպքում (Լարիսա Ալավերդյան, Արմեն Հարությունյան, Կարեն Անդրեասյան): Պարոն Ղազարյանը պատասխանեց. «Իշխանությունների կողմից կանխակալ մոտեցում կա այդ ինստիտուտի հանդեպ: Իշխանությունները, որպես կանոն, քննադատում եւ ասում են, որ զեկույցը միակողմանի է: Նույնիսկ եթե միակողմանի է, եթե փաստերն անհերքելի են, իշխանությունները պետք է ընդունեն որպես այդպիսին»:

Ըստ իրավաբանի՝ ստացվում է, որ իշխանությունները լուրջ չեն վերաբերվում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին. «Մի զեկույցի վերաբերյալ ես էլ եմ քննադատել՝ ելնելով մեթոդոլոգիայից: Բայց մի բան է քննադատելը, մի բան է հերքելը: Հիմա իշխանություններն առաջին հերթին փորձում են հերքել: ՄԻՊ-ը բավարար չափով ֆիքսված փաստեր է ներկայացնում: Իսկ անձնական վիրավորանքներին անցնելը քաղաքական կուլտուրայի բացակայության արդյունք է: Եվրոպական կառույցները միշտ ասում են, որ Հայաստանում չկա քաղաքական կուլտուրա»:

Արա Ղազարյանին նաեւ հարցրինք, թե այդ դեպքում ինչպիսի՞ն պետք է լինի Մարդու իրավունքների պաշտպանը, որպեսզի իշխանությունը գոհ լինի: Կա կարծիք, որ իշխանությունն ուզում է, որ նա ոչինչ չլսի, ոչինչ չտեսնի եւ ոչինչ չխոսի: «Ոչ ժողովրդին, ոչ էլ երկրին նման ՄԻՊ պետք չի: Գուցե իշխանություններին պետք է: Բայց մենք պետք է 3 երեւույթներ զանազանենք. պետություն, ժողովուրդ, իշխանություն: Այս 3-ի շահերը միշտ չէ, որ համընկնում են: Այսինքն` եթե նման ՄԻՊ պետք է իշխանություններին, դա չի նշանակում, որ ժողովրդին եւ երկրին է պետք»,- նշեց պարոն Ղազարյանը:

Արա Ղազարյանը կարծում է, որ հաջորդ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի մի անձ, որը հավասարակշռված է գործել. «Իրավապաշտպան, որը լավ փորձ ունի եւ միշտ հավասարակշռված գնահատական է տվել իրերին: Անդրեասյանը միշտ հավասարակշիռ անձնավորություն է եղել, բայց մարդու իրավունքների ոլորտում ներդրում չի ունեցել: Հիմա պետք է անձ, որն ունի այդ երկու հատկանիշներն էլ: Կարեն Անդրեասյանն օբյեկտիվ է, նա փորձում էր իրերին օբյեկտիվ գնահատական տալ: Ինքը կարողացավ աշխատեցնել ինստիտուտը: Լարիսա Ալավերդյանն ու Արմեն Հարությունյանն էլ էին լավ պաշտպաններ: Մեկը մյուսի արածի վրա պետք է ավելացնի եւ ոչ թե քանդի, հենց դա է կարեւոր»:

ԱՇՈՏ ԻՍՐԱԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031