Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկություն չունի, որ ԼՂ խնդրի հետ կապված այլ խաղացողներ ակտիվանան»

Հունվար 25,2016 15:00

Ըստ քաղաքագետի՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հնարավորություն է տալիս մեր պատվիրակությանը պայքարելու

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել՝ ուղղված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում սպասվող Ղարաբաղյան խնդրին վերաբերող երկու բանաձեւերի քննարկումներին: Հայտարարությամբ հիշեցվել է, որ Մինսկի խումբը ԼՂ հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների միակ ընդունելի ձեւաչափն է: Դիմելով ԵԽԽՎ-ին եւ այլ միջազգային կառույցներին՝ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին. «Կոչ ենք անում քայլեր չձեռնարկել, որոնք կարող են խաթարել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունից Մինսկի խմբի ստացած մանդատը կամ բարդացնել շարունակվող բանակցությունները»:

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ միջազգային տարբեր կառույցների դիրքորոշումները՝ Ղարաբաղյան խնդրի հետ կապված, հիմնականում համընկնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի հետ. «Լավ կլիներ, եթե Եվրախորհուրդն էլ ունենար մոտ դիրքորոշում: Դա չի նշանակում, որ չի կարող այլ դիրքորոշում ունենալ, բայց այդ կոնտեքստում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվող այդ բանաձեւերը ոչ մի առնչություն չունեն իրականության հետ, ոչ մի առնչություն չունեն նաեւ Մինսկի խմբի պատրաստած սկզբունքների հետ, բավական կոնֆլիկտային են այդ երկու բանաձեւերը»,- ասում է պարոն Գրիգորյանը: Նա նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը միտում ունի խանգարելու ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւերի ընդունմանը: «Ես կարծում եմ, որ դրանք ինչ-որ ազդեցություն կունենան: Դժվար է ասել, որ դրանք կկանխեն ընդունումը, բայց որ կունենան իրենց ազդեցությունը՝ ամենակարեւորն է»:

Մեր զրուցակիցը վերը նշված հայտարարությանն ավելացնում է վերջերս Ստրասբուրգում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ հնչած հայտարարությունը, որով Եվրախորհրդարանը նույնպես կոչ էր անում այլ միջազգային կառույցներին եւ կազմակերպություններին «համահունչ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին»:

«Այդ հայտարարություններն առավել շատ հնարավորություն են տալիս մեր պատվիրակությանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովի ժամանակ պայքարել՝ հղում անելով գլխավոր կազմակերպությունների վրա՝ ե՛ւ Եվրախորհրդի, ե՛ւ Մինսկի խմբի»,- ասում է պարոն Գրիգորյանը:

Ըստ նրա՝ իր հայտարարությամբ Մինսկի խումբը փորձում է ամրապնդել իր «մենաշնորհը» ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում. «Ակնհայտ է, որ Մինսկի խումբը շահագրգռված չէ, որ Ղարաբաղյան խնդրի լուծումը տեղափոխվի նաեւ այլ ատյան: Եթե հիշում եք՝ ԵԽԽՎ-ի շրջանակներում մի քանի տարի առաջ ստեղծվեց Ղարաբաղյան խնդրի հետ կապված ժամանակավոր հանձնաժողով, որն ի պաշտոնե բոյկոտում էր Հայաստանի պատվիրակությունը: Դա նշանակում է, որ ԵԽԽՎ-ն ուզում է ինչ-որ չափով ներխուժել այդ խնդրի մեջ եւ նախաձեռնությունը խլել: Մյուս կողմից էլ՝ Մինսկի խումբը նախագահող երկրներն ունեն իրենց շահերը. իրենք ցանկություն չունեն, որ այդ խնդրի հետ կապված այլ խաղացողներ ակտիվանան»: Այս ամենով հանդերձ՝ պարոն Գրիգորյանը կարծում է, որ Մինսկի խմբի կողմից նմանատիպ հայտարարության տարածման հարցում իր դերն ունի Հայաստանի կողմից իրականացված դիվանագիտությունը: «Այո, Հայաստանն էլ է այդ ուղղությամբ աշխատել: Եթե չաշխատեր, պարզ չէր՝ նման հայտարարություն կլինե՞ր, թե՞ ոչ»:

Պարոն Գրիգորյանի հետ խոսեցինք նաեւ այս օրերին Ադրբեջանի ներքին քաղաքական խնդիրների մասին. օրեցօր իջնող նավթի եւ գազի գները լուրջ տնտեսական խնդիրների առջեւ են կանգնեցրել մեր հարեւան պետության ղեկավարությանը: Ըստ մեր զրուցակցի՝ այս իրավիճակը սխալ տնտեսական քաղաքականության հետեւանք է. «Նախ՝ Ադրբեջանի տնտեսությունը հիմնված էր գլխավորապես նավթից ու գազից ստացած փողերի վրա: Իրենք գրեթե չստեղծեցին այլընտրանք. ոչ թե նավթից ու գազից ստացած փողերն ուղարկեցին՝ զարգացնելու համար տնտեսությունը, զարգացնելու նաեւ այլ ոլորտներ, այլ հիմնականում հույսները կապեցին նավթադոլարների, գազադոլարների հետ: Հետո՝ Ադրբեջանը յոթ-ութ տարիների ընթացքում շեշտը դրեց ռազմականացման վրա՝ ուժեղացնել բանակը, գնել թանկ զինամթերք, ու այսօր կոտրված տաշտակի առջեւ են կանգնած. hիմա, երբ նավթի եւ գազի գներն իջան, ոչ փող ունեն ռազմականացման համար, ոչ էլ սոցիալական խնդիրները լուծելու համար»,- ասում է պարոն Գրիգորյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանի ներքին խնդիրների սրացումը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար. «Այսօր այնտեղ դժգոհություններ են, հանրահավաքներ, կարող են երկիրը ապակայունացման տանել: Մեր գծով դա կարող է վտանգավոր լինել. այդ դժգոհությունը մարելու համար նրանք կարող են «ավանտյուրայի» գնալ, կարող են սկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որ այդ սլաքը ուղղեն արտաքին քաղաքականություն: Կստացվի, թե ոչ՝ դժվար է ասել. իրենց հասարակությունն էլ է Ալիեւից հոգնած, ոչ միայն մենք ենք, բայց այդ վտանգը կա»,- ասում է Ստեփան Գրիգորյանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031