Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

10-ամյա որդուն ապրուստից չզրկելու մասին դատարանի որոշումը հայրը երկու տարի է՝ չի կատարում

Հունվար 25,2016 14:00

Արմավիրի մարզի բնակիչ Կիրակոս Ջուլֆայանը դստեր նախկին ամուսնու դեմ հաղորդում էր ներկայացրել իրավապահ մարմնին՝ կապված մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով երեխայի համար ապրուստի միջոցներ վճարելուց չարամտորեն խուսափելու հետ:

Նա խնդրել էր նախկին փեսայի նկատմամբ հարուցել քրեական գործ:
Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հ. Սրեյանի կողմից անցյալ տարվա նոյեմբերի 9-ին կայացվել է որոշում՝ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Դստեր ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ղեւոնդ Պապոյանը, անցյալ տարվա դեկտեմբերին դիմում-բողոք է ներկայացրել Արմավիրի մարզի դատախազին: Մարզի դատախազը, սակայն, իր որոշմամբ ներկայացուցչի բողոքը մերժել է: Դեկտեմբերի 7-ի որոշման արդյունքի մասին փաստաբանն իրազեկվել է դեկտեմբերի 22-ին, երբ փոստով ստացել է հիշյալ որոշումը:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հ. Սրեյանի կողմից կայացված որոշումը բողոքարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Փաստաբան Ղ. Պապոյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեռ 2013թ. հոկտեմբերի 16-ի վճռով որոշել է սկզբնական հայցով հայցվոր կնոջ հայցապահանջը՝ ամուսնալուծության պահանջի վերաբերյալ, բավարարել։ Այսինքն՝ ամուսնալուծել: Երիտասարդ զույգի ամուսնությունը 2006 թվականի նոյեմբերի 20-ին գրանցվել էր ՀՀ քաղաքացիական ակտերի գրանցման Արմավիրի տարածքային բաժնում։

Ինչ վերաբերում էր ալիմենտի բռնագանձմանը, դատարանը այն բավարարել է մասնակիորեն։

Նշենք, որ քաղաքացիական գործով առկա է եղել նաեւ հակընդդեմ հայց:
Հակընդդեմ հայցվոր ամուսնուց կինը որդու համար պահանջել էր սկսած 2013 թվականի փետրվարի 11-ից մինչեւ վերջինիս չափահաս դառնալը ամեն ամիս բռնագանձել ալիմենտ՝ աշխատելու դեպքում նրա վաստակի եւ /կամ/ այլ եկամտի մեկ քառորդը, սակայն ոչ պակաս սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, իսկ նրա չաշխատելու դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափով կայուն դրամական գումար։

Ըստ փաստաբանի՝ երկու տարի է՝ ալիմենտ չի վճարվել, ավելին՝ նախկին ամուսինը բացատրություն էր տվել, թե. 2013թ. գնացել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, որտեղից վերադառնալուց հետո իր բարեկամին է տվել 130.000 ՀՀ դրամ, որպեսզի փոխանցի նախկին կնոջը, սակայն, իբր, կինը հրաժարվել է ստանալ այն:

Նախաքննության ընթացքում, ըստ հայցվորի հոր՝ դատախազին ուղղված բողոքի, քննիչը դրսեւորել է անգործություն եւ չի հարցաքննել դստերը՝ պարզելու համար, թե իրո՞ք նա հրաժարվել է նախկին ամուսնու ուղարկած գումարից:

Նշենք, որ ալիմենտի բռնագանձման համար հարուցված է կատարողական վարույթ, հետեւաբար հայրը, ըստ վստահորդի ներկայացուցչի, պարտավոր էր իր կողմից նշված գումարը վճարել ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին, ինչը եւս չի կատարել:
Կա մեկ այլ բացատրություն էլ այս գործով. անչափահաս երեխայի հայրը բացատրություն էր տվել, թե 2015թ. ամռանը օրական 3000 ՀՀ դրամ գումարով 25 օր աշխատել է որպես վարորդ, որով նա կարողացել է միայն հաց գնել եւ վճարել կոմունալ ծախսերի դիմաց: Իսկ սա նշանակում էր, ըստ իրավապահ մարմնին հաղորդումը տված արմավիրցու, որ 2015թ. ամռանը երեխայի հայրը ունեցել է 70.000 ՀՀ դրամ վաստակ, որից մեկ քառորդը՝ 17.500 ՀՀ դամը, համաձայն վճռի՝ պարտավոր էր վճարել ալիմենտ, ինչը նույնպես չի կատարել:

Ամուսինը դատարանի վճռից հետո սեփականության իրավունքով իր անվամբ գրանցված «Նիսան» մակնիշի 1998 թվականի թողարկման տրանսպորտային միջոցը 1.200.000 ՀՀ դրամով վաճառել է՝ դարձյալ ունենալով հնարավորություն որդու ալիմենտը վճարելու:
Իրեն ըստ էության տուժող համարող կողմը տեղեկացնում է նաեւ, որ երեխայի հայրն իր բնակարանը վաճառելու հայտարարություն է տվել, տեղադրել է կայքերից մեկում: Ըստ տասնամյա երեխայի մոր՝ նախկին ամուսինը երկու տարուց ավելի ժամանակահատվածում գտնվելով ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի, ՀՀ-ում որպես վարորդ աշխատելուց եւ ավտոմեքենայի վաճառքից ստացել է բավարար եկամուտ, սակայն ալիմենտ չի վճարում, իսկ քննիչն էլ ցուցաբերել է անգործություն եւ չի ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որով ճիշտ կգնահատվեին գործով ձեռք բերված ապացույցները, պատասխանատվության կենթարկվեր իր երեխային ապրուստից զրկող հայրը:

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ փաստաբան Ղ. Պապոյանը հղում կատարեց Մ. Հովհաննիսյանի եւ Ա. Մարտիրոսյանի վերաբերյալ 2010թ. փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ /0632/01/08 քրեական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկին: Համաձայն այդ նախադեպային որոշման. «Հակասական ապացույցների առկայության պարագայում, երբ հնարավոր չէ հիմնավորված հետեւության հանգել անձի մեղավորության կամ անմեղության եւ այլ հարցերի վերաբերյալ, վարույթն իրականացնող մարմինը միայն ապացույցների հետազոտությունից եւ գնահատումից հետո կարող է ապացույցների մի մասին մյուսների նկատմամբ առավելություն կամ նվազ կարեւորություն տալ»։

Մինչդեռ, ըստ մոր շահերը ներկայացնող փաստաբանի, վարույթն իրականացնող մարմինը գործով ձեռք բերված բոլոր ապացույցները գնահատել է հօգուտ նախկին ամուսնու: Վճռական խոսքը դատարանինն է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
23.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031