Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շինուհայրցիները հարստացե՞լ են, որ ՀԷՑ-ն ընկած տնետուն՝ պարտքերն է հավաքում

Հունվար 25,2016 13:30

«Առավոտը» լուր ստացավ Սյունիքի մարզից այն մասին, որ Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում «էլեկտրիկը»՝ էլեկտրացանցի երկու այլ աշխատակցի հետ, տնետուն շրջելով տեղեկացնում է, որ պետք է վճարեն պարտքերը: Զարմացած բնակիչներին էլեկտրացանցի աշխատողները պարզաբանել են, որ դրանք հին պարտքեր են՝ 15 տարվա:

«Ամեն ամիս կանոնավոր վճարում ենք, եթե չվճարենք՝ հոսանքը կանջատեն: Ինչպե՞ս եղավ, որ պարտքեր գոյացան»,- զարմացած հարցնում են շինուհայրցիները:
Ի դեպ, այս գյուղում 2011-ին էլ է ՀԷՑ-ը նման «ակցիա» անցկացրել: ՀԷՑ-ի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի այն ժամանակվա պետը «Առավոտի» համար պարզաբանել էր. «Հաշվի առնելով, որ անապահով գյուղ է, եւ մարդիկ սոցիալական ծանր պայմաններում են ապրում, մեր հսկիչները ընդառաջել են եւ նախկինում կտրուկ քայլերի չեն դիմել: Նրանց պարտքերը մարված են մինչեւ 2002 թվականը: Իսկ 2002-ից հետո բնակիչները թերվճարումներ են կատարել, ինչի արդյունքում էլ պարտքեր են գոյացել»:

Ստացվում է՝ ՀԷՑ-ը սպասել է, որ շինուհայրցիները հարստանան, ու հիմա կրկին իր «հին պարտքերն» է ուզում:

Մամուլից տեղեկացանք նաեւ, որ հունվարի 21-ին, վաղ առավոտյան, Արարատի մարզի Գինեվտ գյուղում բնակիչները հավաքվել են գյուղապետարանի մոտ եւ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ «գյուղի էլեկտրիկի»: Բնակիչները պատմել են, որ էլեկտրիկը իրենցից պահանջել է վճարել 2002 թվականի սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարները: Համայնքի ղեկավարը գյուղացիներին խոստացել է զբաղվել խնդրով: Նա գրությամբ դիմել է մարզպետին եւ վարչապետին: Իսկ գյուղի բնակիչները, հարցը չլուծելու դեպքում, մտադիր են մոմերով երթ իրականացնել դեպի Երեւան:

Գ. Մ.

«Առավոտ» օրաթերթ
23.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031