Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըմբիշները Ռիո դե Ժանեյրո մեկնելու են հաղթելու համար»

Հունվար 25,2016 12:30

«Առավոտի» հարցազրույցը ՀԸՖ 1-ին փոխնախագահ
եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանի հետ

– Ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնում է 194 օր: Դա եւ շատ ժամանակ է, եւ քիչ: Նկատի ունեմ թե՛ հավաքականի այն անդամներին, որոնք շարունակելու են պայքարել ուղեգրերի համար, թե՛ նրանց, ում առջեւ 2016 թվականին այլ խնդիրներ են դրված: Ինչպե՞ս է ֆեդերացիան զուգահեռաբար աշխատելու:

– Դա մեզ համար նոր բան չէ: Ֆեդերացիան ամեն տարի էլ զուգահեռաբար աշխատում է մի քանի ուղղություններով: Պարզապես 2016 թվականը անցած օլիմպիական քառամյա ցիկլի վերջնագիծն է, ու աշխատանքներն ավելի կոնկրետ ուղղություններով ու ավելի նպատակային են տարվելու: Մեր գերխնդիրը ամառային օլիմպիական խաղերի ուղեգրերի այն քանակը նվաճելն է, որ պլանավորել ենք: Ու դրա համար ֆեդերացիան նախագահ, բարեգործ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ անում եւ անելու է անհրաժեշտ ամեն բան:

– Մրցաշրջան 2015-ը այն տարին էր, որի ընթացքում պետք էր եւ մեդալներ նվաճել, եւ վարկանիշեր ձեռք բերել: Որքանո՞վ հաջողվեց:

– Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնությունում, ինչպես հայտնի է, մենք ունեցանք աշխարհի մեկ չեմպիոն՝ հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որն այդ տիտղոսը նվաճեց երկրորդ անգամ անընդմեջ: Նրա հետ միասին վարկանիշ ձեռք բերեցին նաեւ Միհրան Հարությունյանն ու ազատ ոճային, գերծանր քաշային Լեւան Բերիանիձեն: Այս առումով մեր ծրագրերն անցած տարի կատարվեցին մի մասով միայն, քանի որ երկու ոճերում պլանավորել էինք մոտ երեք մեդալ եւ շուրջ հինգ ուղեգիր: Բայց դրանով ամեն բան դեռ ավարտված չէ: Ապրիլ ամսին մեր ազատ եւ հունահռոմեական ոճերի լավագույն ըմբիշները մասնակցելու են վարկանիշային երեք մրցաշարերի, որոնցում անպայման պայքարելու են ուղեգրերի պակասը լրացնելու համար: Միայն այդ մրցաշարերի ավարտից հետո վերջնականապես պարզ կդառնա, թե Հայաստանն օլիմպիական խաղերում քանի՞ ըմբիշ է ունենալու: Այդ ժամանակ էլ օլիմպիական հավաքականները ամբողջական կազմերով կսկսեն հատուկ ծրագրով նախապատրաստվել Խաղերին:
Ուշադրությունից դուրս չեն մնացել այն ըմբիշները, որոնք իրենց առջեւ դրված խնդիրներն ունեն լուծելու: Նրանք էլ մարզվում են իրենց համար նախապես կազմված եւ հաստատված ծրագրով: Օրինակ, երկու ոճերի հավաքականների երիտասարդական կազմերը, որտեղ ըստ էության ընդգրկված են առաջին թիմերի փոխարինողները, այս տարի արդեն Իրանում մասնակցել են «Թախտիի Գավաթի» 36-րդ միջազգային խաղարկությանը, որտեղ հունահռոմեական ըմբիշ Ռաֆիկ Մանուկյանը 80 կգ քաշային կարգում նվաճել է հաղթողի կոչումը, իսկ ազատ ոճային Արտակ Հովհաննիսյանը (61 կգ) դարձել երրորդ մրցանակակիր: Մրցաշրջան 2016-ի մեկնարկն, ինչպես ասում են, հուսադրող է: Հունվարի վերջին հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը գրեթե ուժեղագույն կազմով կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի անվան միջազգային մրցաշարին, որտեղ շատ ուժեղ կազմ է լինելու: Միայն Արսեն Ջուլֆալակյանը թիմի հետ չի լինի: Բայց նա այդ օրերին լինելու է Թուրքիայում եւ հանդես է գալու Էմրենի եւ Համիդ Քափլանի միջազգային մրցաշարում: Այնուհետեւ Եվրոպայի մեծահասակների առաջնությունն է, որտեղ, ճիշտ է, օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվում, բայց տղաները ձգտելու են ներդնել ամբողջ ունեցածը եւ պայքարել չեմպիոնության եւ մեդալների համար: Սրանք առայժմ 2016 թվականին մեր մոտակա ծրագրերն են: Մյուսների մասին կարելի է հանգամանալից խոսել ավելի ուշ:

– Մեր ըմբշամարտի ֆեդերացիան ֆինանսապես ամենաապահովվածներից է: Եվ ոչ միայն Հայաստանում: Ինչո՞ւ աշխարհի առաջնությունում մեդալների ու ուղեգրերի պլանը թերի մնաց:

– Մարզաձեւ պահելու եւ զարգացնելու համար ֆինանսը երբեք շատ չի լինում: Խնդիրն այն խելամիտ ու նպատակային ուղղորդելն է: Ինչպես ամեն տարի, 2015 թվականին էլ ֆեդերացիան այս առումով ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել է ամբողջությամբ եւ ժամանակին: Դեռ մի բան էլ ավելի: Տարվա ընթացքում եթե լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն է առաջացել, Սամվել Կարապետյանը դրանք հոգացել է իր անձնական միջոցներով, որոնք փոքր գումարներ չեն: Բայց սպորտն իր կանոններն ունի եւ միշտ չէ, որ անպայման պետք է հաջողություններ ու նվաճումներ լինեն: Հակառակն էլ է պատահում, ու դրանից ոչ ոք ապահովագրված չէ: Այո, մեր ըմբիշներից շատերի մոտ չստացվեց: Ֆեդերացիայի, մարզիչների ու իրենց՝ մարզիկների խնդիրը բացթողումները հասկանալն ու շտկելն է, ինչով հիմա զբաղվում ենք: Մանավանդ, երբ խոսքն այն ըմբիշների մասին է, որոնք հավակնում են օլիմպիական ուղեգրերի: Բայց եղան «ձախողումներ», որոնք մեզանից կախված չէին: Օրինակ, կողմնակալ մրցավարությունը Միհրան Հարությունյանից 2015 թվականին երկու անգամ կոպիտ կերպով չեմպիոնական տիտղոս խլեց:

Մեկը հարեւան երկրում կայացած Եվրոպական ամառային 1-ին խաղերում, երկրորդը՝ աշխարհի առաջնությունում: Սա միայն ես չեմ ասում: Ամբողջ աշխարհն է դրանց վկան եղել: Բաքվում մրցավարները կազմակերպիչ երկրի հետ խայտառակ կերպով չթողեցին ոսկին նվաճել: Ոչ ոք չէր էլ կասկածում, որ Բաքվում հնարավոր ամեն բան արվելու էր, որպեսզի «Մեր Հարենիքը» չհնչեր եւ Հայաստանի պետական դրոշը չբարձրանար: Եվ եթե մյուս մարզաձեւերում դա նրանց հաջողվեց լիովին, Միհրանի պարագայում եղավ կիսով չափ: Նախնական գոտեմարտերում ծանրագույն դժվար պայքարով հաղթելով բոլոր մրցակիցներին, այդ թվում նաեւ ադրբեջանցի Ալիեւին, մեր ըմբիշը մտավ եզրափակիչ ու… միայն մրցավարական դաժանությամբ նրանց հաջողվեց Միհրանի առջեւ փակել պատվո պատվանդանի առաջին աստիճան տանող ճանապարհը: Ու թեեւ Հայաստանի օրհներգը չհնչեց, բայց դրոշը բարձրացավ Ադրբեջանի սրտում: Նույն բանը կրկնվեց նաեւ աշխարհի առաջնությունում: Ընդհանրապես, մեր առաջատար ըմբիշները, որոնք 2015 թվականին մեդալներ չկարողացան նվաճել, շատ մոտ են եղել դրանց: Դա մեզ վստահություն է ներշնչում, որ նրանք ի վիճակի են այդ միջակայքն էլ հաղթահարել: Մնում է, որ իրենք, անձնական ու հավաքականների մարզիչները մի փոքր ավելի ճիշտ ու արդյունավետ աշխատեն: Սա վերաբերում է բոլոր տարիքային խմբերին:

– Օլիմպիական խաղերի մեր մասնակիցներից ի՞նչ եք սպասում:

– Հավատ սեփական ուժերին եւ պայքար: Իհարկե, նաեւ՝ չեմպիոն ու մեդալներ, որի ժամանակը հասունացել է: Շատ բան կախված է լինելու նրանից, թե ովքեր կմեկնեն Ռիո դե Ժանեյրո: Բայց ով էլ լինի՝ պայքարելու է մինչեւ վերջին ուժերը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
23.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031