Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ովքե՞ր ապագայում կներկայացնեն ընդդիմությունը խորհրդարանում

Հունվար 25,2016 12:00

Նոր տարին սկսել ենք նոր Սահմանադրությամբ, բայց նոր Սահմանադրության գոյությունն առայժմ էապես չի զգացվում: Դեռեւս չի զգացվում, բայց առաջիկայում կզգացվի: Այն էլ ինչպե՛ս կզգացվի: Նոր Սահմանադրության գոյությունը կզգան հատկապես քաղաքական գործիչներն ու առանձնապես ընդդիմադիր գործիչները՝ հատկապես ընտրական գործընթացների հետ կապված:

Ասել ենք ու շարունակելու ենք կրկնել, որ հարյուրտոկոսանոց համամասնական ընտրությունը, որ տարիներ շարունակ հանդիսացել է ընդդիմության երազանքը, անակնկալներ է մատուցելու հենց ընդդիմությանը, եւ եթե նախկինում որոշ վառ արտահայտված ընդդիմադիրներ մեծամասնական տարբերակով պատգամավոր ընտրվելու որոշ հույսեր կարող էին ունենալ, հիմա, փաստորեն, այդ հնարավորությունից էլ են զրկվում:

Ի՞նչ պատկեր ենք ունենալու հարյուրտոկոսանոց համամասնական ընտրության պարագայում: Մենք սահմանադրական փոփոխություններից առաջ էլ ենք որոշ ենթադրություններ ու կանխատեսումներ արել, բայց հիմա ավելի ու ավելի ռեալ պատկերացնելով առաջանալիք նախընտրական իրավիճակները՝ ավելի ու ավելի պարզորոշ ենք պատկերացնում այն բարդությունները, որոնք առաջանալու են հարյուրտոկոսանոց համամասնականի պարագայում:

Ուզենք թե չուզենք, պիտի խոստովանենք, որ հարյուրտոկոսանոց համամասնական ընտրությունը ակնհայտորեն նվազեցնում է անհատի դերն ու նշանակությունը քաղաքական ու ընտրական գործընթացներում՝ այն գրեթե զրոյի հավասարեցնելով:
Մինչ այս ընդունված էր մտածել ու կարծել, որ ընտրությունների մեծամասնական տարբերակը ձեռնտու էր մեծահարուստներին, իշխանամետներին եւ, իհարկե, ընտրակեղծարարներին, որոնք մեծ գումարներ ծախսելով եւ իշխանական լծակներից օգտվելով՝ հաջողացնում էին մանդատի տեր դառնալ: Բայց, այդուհանդերձ, մեր անկախության պատմության այս քառորդ դարի ընթացքում մեծամասնական տարբերակով պատգամավոր են դարձել նաեւ որոշակի քանակությամբ ընդդիմադիր կամ անկախ քաղաքական գործիչներ (Արշակ Սադոյան, Էդմոն Մարուքյան եւ ուրիշներ), ովքեր բավական ակտիվ գործունեություն են ծավալել խորհրդարանում:

Հիմա, նոր Սահմանադրության օրոք ի՞նչ տարբերակով կարող է պատգամավոր ընտրվել, ասենք, նույն Արշակ Սադոյանը: Դժվարանում եմ ասել: Միակ ճանապարհը երեւի որեւէ դաշինքի մեջ ընդգրկվելն է՝ իշխանական կամ ընդդիմադիր: Իշխանական կուսակցության ցուցակում Սադոյանը դժվար թե տեղ գտնի, որովհետեւ այնտեղ բոլոր տեղերը հույժ զբաղված են: Առաջիկայում ավելի զբաղված կլինեն: Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշինքներին, այնտեղ էլ «կոնկուրսը» չափազանց մեծ է լինելու, եւ Սադոյանն այնտեղ էլ դժվար թե տեղ գտնի, որովհետեւ հիմա ավելի թարմ ու ջահել ընդդիմադիրներ կան, որոնց հետ պայքարում Սադոյանը դժվար թե դիմանա:

Բայց Սադոյանի դարդը մեզ չեն տվել եւ ոչ էլ առավել ջահել ու կենսունակ ընդդիմադիրների (Փոստանջյան, Փաշինյան եւ ուրիշներ) դարդն են մեզ տվել: Էլ չենք խոսում արտախորհրդարանական ամենաջահել ընդդիմադիրների մասին, ում դարդը ոչ միայն մեզ չեն տվել, այլեւ իրենք են մեր հոգսերն իրենց վրա վերցրել. իրենց սկզբունքային պայքարի շնորհիվ նախ տրանսպորտի սակագինը չփոխվեց, այնուհետեւ՝ իրենք համառորեն պայքարեցին էլեկտրաէներգիայի սակագնի իմաստով:
Բնական եւ տրամաբանական կլինի, եթե ընդդիմադիրների նոր սերունդն իր ներկայացուցիչներն ունենա ապագա խորհրդարանում: Դժվարանում եմ ասել, թե հարյուրտոկոսանոց համամասնական ընտրության դեպքում նրանք ինչ ճանապարհով պիտի պատգամավոր դառնան: Բնականաբար, պիտի կամ կուսակցություն ստեղծեն, կամ էլ պիտի ընդգրկվեն արդեն գոյություն ունեցող կուսակցությունների կամ կուսակցական դաշինքների ցուցակներում: Ամեն դեպքում, այժմվանից պիտի այդ ուղղությամբ մտածեն, որովհետեւ առանձնապես շատ ժամանակ չի մնացել: Մենք էլ պիտի այդ մասին մտածենք, որովհետեւ Ազգային ժողովում թարմ ու կենսունակ ընդդիմության գոյությունը բոլորիս համար է ցանկալի ու անհրաժեշտ:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031