ՀՅԴ-ն համարում է, որ իշխանությունները հիմնականում կատարել են իրենց առաջարկած 7 կետերը: Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ՀՅԴ-ականները տվել են իրենց բացատրությունն առ այն, որ այդ հարցն ԱԺ օրակարգից հանված է, իսկ փաստաթուղթը վավերացված չէ, հետեւաբար այդ արձանագրությունները կարելի է մեռած համարել:
Բայց բացի Սահմանադրական փոփոխություններից, 100 տոկոս համամասնական ընտրակարգից, հայ-թուրքական արձանագրություններից, 7 կետերից մեկն այն էր, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պետք է կնքվի ռազմաքաղաքական դաշինք, ինչը չի իրականացվել:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը բացատրեց, որ երբ 2012-ի նոյեմբերին իրենք հրապարակում էին 7 կետերը, որեւէ մեկը չի ասել, որ դա նախապայման է՝ ՀՀԿ-ի հետ համագործակցելու համար. «Մենք հստակ ձեւակերպել ենք մեր օրակարգն ու մեր ասելիքը: Մենք դրանք հրապարակելուց հետո տարբեր ձեւաչափերով հանդիպում ենք ունեցել քաղաքական դաշտում դերակատարում ունեցող բոլոր ուժերի հետ անխտիր՝ թե՛ դիմադիր, թե՛ ընդդիմադիր, որպեսզի բոլորի դիրքորոշումները ճշտեինք դրանց վերաբերյալ: Մենք ըստ այդմ հայտարարել ենք, որ պատրաստ ենք տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցել՝ այս կետերն իրականություն դարձնելու համար: Հանդիպումներ եղել են թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ԲՀԿ-ի, Ժառանգության, ՕԵԿ-ի հետ: Խոսքը հետեւյալին էր վերաբերվում՝ ոչ թե այդ կետերի կատարումն էր պայման՝ համագործակցության, այլ այդ կետերի նկատմամբ դրական վերաբերմունքը, որպեսզի այդ կետերը իրականություն դառնան: Ինձ համար տեսանելի է մի շփոթ, որ շատերը փորձում են այնպես մոտենալ Դաշնակցության 7 կետերին, որ դրանք հրապարակել ենք եւ ասել ենք՝ մինչեւ այս կետերը չընդունվեն, մենք ՀՀԿ-ի հետ համագործակցության եզրեր չենք պատկերացնում: Ճիշտ հակառակը՝ մենք ասել ենք՝ այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստակամ կլինեն եւ տեսակետները կհամընկնեն դրանց հետ՝ մենք պատրաստ ենք համագործակցել: Դա նախապայման չի եղել»:
Մեր դիտարկմանը, որ դա այն ժամանակ Սերժ Սարգսյանին ուղղված վերջնագրի պես էր հնչում՝ Արսեն Համբարձումյանը պատասխանեց. «Վերջնագիր չի եղել: Այն ժամանակ եղել է տեսակետների հստակ տարբերություն: 2012-ի դեկտեմբերին ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ այդ 7 կետերի շուրջ ընդհանուր հայտարարի չենք եկել: Դրա մասին ասել ենք, որ այս-այս կետերի հետ կապված ՀՀ նախագահի կողմից կա ըմբռնում, բայց ընդհանուր հայտարար չկա: Անցնող 3 տարվա ընթացքում վիճակն էապես փոխվել է, եւ 7 կետերից այն կետերը, որոնք այն ժամանակ ընդունելի չէին, հիմա իրենց համար ոչ միայն ընդունելի են, այլեւ դրանց իրականացման ուղղությամբ հստակ քայլեր են արվել: Խոսքը վերաբերում է թե՛ Սահմանադրական փոփոխություններին, թե՛ 100 տոկոս համամասնական ընտրակարգին, թե՛ հայ-թուրքական արձանագրություններին»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք՝ այսինքն, ըստ Ձեզ ՀՀ-ԼՂՀ ռազմաքաղաքական դաշինքի կնքումն այն կարեւոր օղակներից չէր, որից կարելի էր կառչել եւ համագործակցությունը ՀՀԿ-ի հետ չկայացնել՝ նա պատասխանեց. «Բնականաբար, կարեւոր է: Բայց այդտեղ անկարեւոր հարցեր չկան, մենք դա դիտարկում ենք փաթեթային, չենք տարանջատում կետերի հերթականությունը»:
Մեր հարցին՝ պատրաստակամություն տեսնո՞ւմ եք Սերժ Սարգսյանի կողմից այդ կետը կատարելու հարցում՝ Արսեն Համբարձումյանը պատասխանեց. «Եթե անդրադառնաք վերջին 1 տարվա ընթացքում ՀՀ նախագահի՝ տարբեր ամբիոններից հայտարարություններին Արցախի հարցի հետ կապված ՀՀ մոտեցումների առնչությամբ, նաեւ տեսանելի կլինի, որ համապատասխան զարգացումների պարագայում ռազմաքաղաքական դաշինք կնքելու կամ Արցախի հանրապետությունը ճանաչելու հնարավորության մասին ըստ էության հայտարարվել է: Պետք է մի բան նկատի ունենանք՝ անկախ մեր բոլորի ցանկություններից, կան բազմաթիվ իրողություններ, աշխարհաքաղաքական շահեր, որ պիտի նաեւ նկատի ունենանք: Այսինքն, կուրծք ծեծելով եւ հայրենասիրական բարձրագոչ հայտարարություններով այդ հարցը չի լուծվի: Պետք է հասկանանք՝ ինչ քաղաքական լուծում պետք է իրականացնենք ինչ տակտիկայով՝ ճիշտ հանգրվանի հասնելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ