Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկել է արագ շախմատի Հայաստանի առաջնությունը, որը հավաքել է մասնակիցների բացառիկ ուժեղ կազմ:
Առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ մասնակցության հայտ ներկայացրած 54 շախմատիստներից 15-ը գրոսմայստեր է, 13-ը՝ միջազգային վարպետ, ինչպես նաեւ շախմատիստներ, որոնք ունեն ՖԻԴԵ-ի կոչումներ: «Այս առաջնությունը հաջողված է նրանով, որ մասնակցում են Հայաստանի տղամարդկանց հավաքականի երեք, կանանց հավաքականի՝ երկու անդամներ, ինչպես նաեւ անվանի վետերան շախմատիստներ. Ռաֆայել Վահանյանը, Հովիկ Խալիկյանը, Արտաշես Մինասյանը, Նորայն Քալանթարյանը, Լեւոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանը եւ ուրիշներ», – ասաց Ա. Վարդապետյանը:
Չեմպիոնին որոշելու է ութ տուրում եւ արդեն մեկնարկից բավականին հետաքրքիր պայքար է ծավալվել: Օրինակ, հենց 1-ին տուրում միմյանց դեմ ելան Հայաստանի 2016 թվականի կանանց եւ տղամարդկանց նորընծա չեմպիոնները՝ կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը եւ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը եւ հաջողությունն ուղեկցեց հանրապետության կանանց չեմպիոնին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև