Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանություն. երբ ոստիկան ամուսինը փակել էր պայքարի բոլոր դռները

Հունվար 23,2016 21:39
spanutyun

Ամուսնության 12 տարվա ընթացքում մշտապես ենթարկվելով ընտանեկան բռնության, իսկ ամուսնալուծվելուց հետո 5 տարի շարունակ ապօրինաբար զրկված լինելով սեփական երեխաներին տեսնելու, խնամելու և անգամ նրանց ձայնը լսելու իրավունքից՝ 34-ամյա Էմմա Նազարյանը հունվարի 17-ին դիմեց ինքնասպանության:
Երիտասարդ կինը դարձավ ընտանեկան բռնության, իրավական անգործության ու անտարբերության զոհ:

Նրա ծնողները պնդում են, որ ինքնասպանության պատճառը տարիներ շարունակ երեք երեխաներից զրկված լինելու և նրանցից հեռու ապրելու կարոտն էր, չնայած որ երկու տարի առաջ դատարանի որոշմամբ 2 անչափահաս երեխան հանձնվել էին Էմմա Նազարյանի խնամակալությանը:

«Աղջկաս մտքում ամբողջ օրը երեխաներն էին: Ասում էր. «Եթե իմ երեխաներն ինձ հետ չլինեն, ես ինձ մի բան կանեմ, ու՞մ է պետք իմ կյանքը»: Ես նրան սիրտ էի տալիս, ոգևորում, որ ինքն իր կյանքով ապրի, բայց…»,-հուզմունքից պատմությունը կիսատ է թողնում Էմմա Նազարյանի մայրը՝ Գյուլնարա Նազարյանը:

Քիչ անց փորձում է ի մի բերել մտքերը և շարունակել՝ ներկայացնելով վերջին տարիներին աղջկա կրած տառապանքներն ու ապրումները:
«Ամուսինը ոստիկան էր: Իրենց 12 տարվա ամուսնության ընթացքում անընդհատ ճնշումների ու բռնությունների էր ենթարկել աղջկաս: Հետո աղջկաս տնից դուրս էին հանել, կեղծ թղթեր սարքել, թե իբր ինքը հոգեկան խնդիրներ ունի և այդպես 3 երեխային ձեռքից խլել, պահել էին իրենց մոտ»:

Գյուլնարա Նազարյանը պատմում է, որ այդ դեպքից հետո երկարատև պայքար են տարել, անցնելով դատական մի ատյանից մյուսը և փայփայելով այն հույսը, որ մի օր երեխաները կվերադառնան մոր մոտ: Սակայն ամուսինը ոչ միայն չէր թողնում տեսակցել երեխաներին, այլև արգելում էր մորը հեռախոսով խոսել նրանց հետ:
«Մենք իհարկե բոլոր ատյաններով անցանք: Նորից փորձաքննություն անցկացրեցին ու ապացուցեցինք, որ իմ աղջիկը որևէ հոգեկան խնդիր չունի, և հասկացան, որ այդ ամենը սարքած է եղել, կեղծ: Իսկ 2 տարի առաջ դատարանը վերջապես վճիռ կայացրեց, որ 3 երեխայից 2-ը, որոնք անչափահաս էին, պետք է գտնվեն մոր խնամակալության ներքո»,-նշում է Նազարյանը:

ԴԱՀԿ ծառայությունում պարբերաբար սկսեցին կազմակերպել հանդիպումներ մոր և երեխաների միջև, բայց երեխաներն, արդեն տարիներ շարունակ զրկված լինելով իրենց մոր հետ որևէ շփումից, չէին ընդունում մորը ու հրաժարվում նրա հետ ապրելուց:

«Հայրը նրանց վախեցրել էր ու տրամադրել մոր դեմ՝ ասելով, որ եթե երեխաները գնան մոր մոտ, ապա մայրը կգցի իրենց մանկատուն, չի տանի դպրոց սովորելու, կթույնի, կսպանի ու վախից երեխաները չէին ուզում վերադառնալ մոր մոտ»,-հավելում է Նազարյանը:

ԴԱՀԿ ծառայությունը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի Խնամակալության և հոգաբարձության մարմինը մի քանի անգամ հանդիպումներ կազմակերպելուց և դատական որոշումը կյանքի կոչելու փորձեր անելուց հետո, հրաժարվում են օգնել մորը և նրա ընտանիքին՝ պնդելով, որ եթե երեխաները չեն ուզում վերադառնալ մոր մոտ, իրենք չեն կարող ստիպել, կամ բռնի ուժ կիրառել երեխաների նկատմամբ:Anahit Gevorgyan_edited

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը, ով փորձել է աջակցել Էմմա Նազարյանին նրա համար փաստաբան գտնելով և հոգեբանական աջակցություն տրամադրելով, ասում է, որ ամուսինը, լինելով ոստիկան, օգտագործել է բոլոր լծակները և կապերը կնոջը մայրական իրավունքներից զրկելու համար:

«Ամուսինը անգամ երեխաներին վերցրեց և ամբողջ ընտանիքին Աստղաձոր համայնքից տեղափոխեց այլ բնակավայր, որպեսզի մայրը ընդհանրապես չկարողանա տեսնել երեխաներին»,-պատմում է Գևորգյանը:

Երեխաներին տեսնելու միակ հնարավորությունից օգտվելու համար, մայրը մի քանի անգամ փորձ է արել դպրոց գնալ՝ նոր գնված գրենական պիտույքների փաթեթը ձեռքին, երեխաներին գեթ մեկ վայրկյան տեսնելու և ուրախացնելու համար:
«Էմմա Նազարյանի դժբախտությունն իր մեջ ամփոփում է կանանց նկատմամբ մեր հասարակությունում առկա խտրական վերաբերմունքը և դատական համակարգի անկատար վիճակը: 5 տարի շարունակ անառողջ մթնոլորտում դաստիարակվելով՝ երեխաները հրաժարվում էին մոր հետ շփվել, իսկ ԴԱՀԿ-ը միջոցներ չձեռնարկեց այդ ուղղությամբ՝ երեխաներին տեղափոխելու հոգեբանական աջակցման կենտրոն: ԴԱՀԿ-ը չիրականացրեց իրեն վերապահված գործառույթները»,-ընդգծում է Գևորգյանը:MIra Antonyan

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի նախագահ Միրա Անտոնյանն ասում է, որ նմանատիպ դեպքերում պետք է երեխաներին չեզոք վայր տանել, ազատել ճնշումներից, բռնություններից ու մանիպուլյացիաների ներքո գտնվելուց:

«Եվ պետք է հոգեբանների, լուրջ մասնագետների ներգրավվածությամբ աշխատել ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների հետ: Դատարանի որոշումները պարզապես վարչական որոշումներ են և նմանատիպ շատ դեպքեր են եղել, որ որոշումները կյանքի չեն կոչվել: Կարծում եմ, դատարանի որոշումները պրակտիկորեն չեն էլ կարող իրագործվել այսպիսի պայմաններում»,-նշում է Անտոնյանը:

Նրա խոսքով՝ նման դատական վճիռները կիրագործվեն միայն այն դեպքում, երբ գործում պարտադիր ներգրավվեն և աջակցություն ցուցաբերեն լուրջ պատրաստված մասնագետները, ովքեր կաշխատեն երեխաների և մոր հետ:

«Այսպիսին է քաղաքակիրթ աշխարհի փորձը: Երեխաները պետք է ազատվեն վախից, որ ի վիճակի լինեն հասկանալու ինչ է կատարվում և ընդունեն իրենց մորը, հակառակ դեպքում ամուսինը կամ հարազատները շատ հեշտ մանիպուլյացիաների են ենթարկում երեխաներին, վախեցնում, ճնշումներ գործադրում, ինչի հետևանքով նրանք չեն ուզում վերադառնալ իրենց մոր մոտ: Իսկ կինն այդ իրավիճակում մնում է իսկապես միայնակ, անհույս և անօգնական ու դիմում է նման ծայրահեղ քայլերի: Մեր հասարակությունն էլ ավելի խտրական վերաբերմունք է ցուցաբերում կանանց նկատմամբ, մտածում, որ կինն է իրեն սխալ պահել, իսկ տղամարդուն դարձնում հերոս ու մտածում, որ անգամ երեխաներին պահելու հոգսն է իր վրա վերցրել»,-ասում է Անտոնյանը:

Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի տվյալների՝ վերջին 3 տարում ընտանեկան բռնության հետևանքով Հայաստանում մահացել է 30 կին:

Իսկ ընտանեկան բռնության դեպքերով թեժ գծին կատարած ահազանգերի թիվը վերջին 3 տարիների ընթացքում կազմել է 5500, որից շուրջ 2000-ը գրանցվել է 2015-ին:Lara Aharonyan

Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանն ասում է, որ ընտանեկան բռնության ենթարկված կանանց մեծամասնությունը ունենում են ինքնասպանություն գործելու մտքեր:

«Այդ մասին նրանք խոստովանում են խորհրդատվության ժամանակ: Մեզ դիմած կանանցից ամեն 4-րդը իր կյանքում փորձ է արել ինքնասպանության, երբ ենթարկվել է ընտանեկան բռնության: 2014-2015 թթ. մենք ունեցել ենք 5 դեպք, որ փորձել են ինքնասպան լինել ընտանեկան բռնության հետևանքով, բայց կանխվել է: Հետո դիմել են մեզ ու հոգեբանները փորձել են աշխատել նրանց հետ»,-նշում է Ահարոնյանը:

Նրա կարծիքով, ընտանեկան բռնության ենթարկված կանանց՝ ինքնասպանության դիմելու պատճառը, անօգնականության զգացումն է:

«Երբ մտածում են այլևս ելք չկա այդ իրավիճակից, ճնշվածությունից ու վախից: Մտածում են, որ իրենց համար տեղ չկա այս հասարակությունում, կամ չեն տեսնում օգնություն իրենց շրջապատում: Իսկ երբ երեխաներին են վերցնում կնոջ ձեռքից, նա մտածում է արդեն ամեն ինչ է կորցրել ու իմաստ չկա ապրելու»,-նշում է Ահարոնյանը:

Նա ընդգծում է, որ նման իրավիճակներում չկա որևէ պետական մարմին , որը պատասխանատու լինի և որոշում կայացնի երեխաներին հոգեբանի մոտ կամ աջակցման կենտրոն տանելու մասին, որտեղ կզբաղվեն նրանց խնամքով: Այդ ընթացքում, ըստ Ահարոնյանի, ծնողների հարաբերությունները կկարգավորվեն ու երեխաներն էլ պատրաստ կլինեն ընդունելու իրենց մորը:

Մասնագետները մտահոգություն են հայտնում, որ Խնամակալության և հոգաբարձության մարմինները ընդհանրապես որևէ օգնություն չեն ցուցաբերում նման հարցերում:

«Խնամակալության և հոգաբարձության կենտրոնները «կույր աղիքի» պես մնացորդային կառույցներ են, որոնք ոչինչ չեն կարող անել նման դեպքերում: Դրանք վարչական մնացուկներ են նախորդ համակարգից»,-ասում է Անտոնյանը:

Ահարոնյանն էլ հավելում է, որ եթե Հայաստանում ընդունվեր «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, ապա լավ կլիներ մշակվեին այնպիսի մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլիներ վերապատրաստել մասնագետներին, և պետական մարմինները կսովորեին ճիշտ մասնագիտական մոտեցում ցուցաբերել ընտանեկան բռնության դեպքերին ու կայացնել ճիշտ որոշումներ:

«Հակառակ դեպքում ստացվում է, որ ամենաուժեղը վերցնում է երեխաներին և փակում բոլոր դռները: Իսկ կինը պարզապես չի իմանում ում դիմել, որովհետև չեն օգնում ոչ Խնամակալության և հոգաբարձության մարմինները, ոչ ԴԱՀԿ-ը, ոչ ՄԻՊ-ը, որպեսզի դատարանի որոշումները կյանքի կոչվեն: Եվ մենք էլ շատ հաճախ չենք իմանում ինչ անել, ում դիմել նրանց օգնելու համար»,-հավելում է Ահարոնյանը:

Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N18643: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N18643 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,

email: [email protected],

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031