Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

BBC-ի դեմքը՝ «թեթեւ» թեմաների մասին. «Դու ես որոշում՝ արդյոք հետաքրքիր է դա քեզ»

Հունվար 23,2016 21:03

Լրագրության մեջ «հնաբնակ», ժամանակին BBC համաշխարհային ծառայության եւ Լոնդոնի  «Բարբիքան»  արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրած սըր Ջոն Թյուսան հունվարի 23-ին «Արմենիա Վայն» գործարանում մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խորհուրդ տվեց  «թեթեւ» նայել «թեթեւ»  թեմաների հանդեպ հանրության մեծ հետաքրքրությանը:  Պատասխանելով Aravot.am-ի դիտարկմանը, որ այսօր եղանակի տեսության, այս կամ այն քաղաքական գործչի, նավթի գնի անկման հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծ է, այդ թեմայով նյութերն ավելի շատ են ընթերցվում Հայաստանում, քան ասենք, օպերային ներկայացման կամ որեւէ մշակութային միջոցառման վերաբերյալ նյութերը, եթե իհարկե դրանցում սկանդալ չկա, բրիտանացի լրագրողը նշեց. « Նավթի գինը եւ քաղաքականությունը նույնպես կարեւոր են, բայց գոնե մեկը պե՞տք է սկսի գրել մշակույթի մասին, ապացուցի, որ այնտեղ էլ բազմաթիվ հետաքրքիր թեմաներ կան, որպեսզի խմբագիրներն ավելի շատ կարեւորեն մշակութային թեմաները: Մի 20 տարի առաջ Միացյալ Թագավորությունում էլ էր այդպես, խմբագիրները հարցնում էին՝ այդ մասին ինչ-որ մեկը գրե՞լ է, բայց դա հետաքրքի՞ր է…Լավ, եթե ուզում ես, գրիր…Ու գտնվեցին  մեկ-երկուսը, որ սկսեցին գրել այդ թեմաներով»: Նա հիշեց, որ ժամանակին, երբ աշխատում էր ռադիոյում, բայց ուզում էր աշխատել հեռուստատեսությունում, հետաքրքրված էր քաղաքականությամբ եւ միջազգային հարաբերություններով, իրեն առաջարկեցին հաղորդում անել համայնքային թեմաներով:  Երեք ամիս աշխատելուց հետո, սակայն, համոզվեց, որ դա իրեն չի հետաքրքրում, մշակույթն ավելի սրտամոտ է:

Ինչ վերաբերում է թեթեւ, ժամանցային թեմաներին, Ջոն Թյուսայի ձեւակերպմամբ, հարցը պետք է այսպես դիտարկել՝ արդյոք դա հետաքրքի՞ր է քեզ, եւ ինչքա՞ն տեղ ես ուզում դու դրան հատկացնել: «Այո, այսօրվա փոփ երաժշտությունը ազդեցություն ունի հասարակության վրա, բայց օրիգինալ արվեստագետները…Ստրավինսկին, Պիկասոն եւ մյուսները, ավելի երկարաժամկետ ազդեցություն են թողնում»,- նկատեց BBC համաշխարհային ծառայության նախկին գործադիր տնօրենը: Նաեւ չմոռացավ նշել, որ BBC-ի ամենամեծ լսարան ունեցող հաղորդումը, որի վերջին թողարկումը 12 մլն մարդ է դիտել, ընդամենը տորթ թխելու մրցույթի մասին է:

Սըր Ջոնը փաստեց նաեւ, որ Միացյալ Թագավորությունում հասարակության մշակութային գիտակցությունն ավելի բարձր է, քան քաղաքական գործիչներինը: «Քաղաքական գործիչներին պետք է անընդհատ «բզել», խրախուսել, ամաչեցնել…Իհարկե կան որոշ քաղաքապետեր, որոնք հասկանում են, որ մշակույթի վրա  փող ծախսելու շնորհիվ կարելի է քաղաքն ավելի լավ կառավարել»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031