Երեկ երեկոյան Գյումրու Անի թաղամասի սկզբնամասում գտնվող կենդանաբանական այգուց տեղափոխեցին երկու արջերին՝ Միշային ու Մաշային: Այնտեղ մնացին 3 առյուծները՝ մայրը՝ Մերին երկու ձագուկների՝ Զիտայի ու Գիտայի հետ: ՀՀ բնապահպանության նախարարության ֆեյսբուքյան էջում, որտեղ լուսանկարներն են տեղադրված արջերին տեղափոխելու պահից, գրված է. «Գյումրու գազանանոցի երկու արջերը հունվարի 22-ի գիշերը հասցվեցին Երևանի կենդանաբանական այգի՝ բուժզննման, կենսունակության բարձրացման և կարճ ժամանակ հետո կենդանիների եվրոպական վերականգնողական կենտրոն տեղափոխման համար:
Շնորհակալություն բոլորին՝ ում ջանքերով հնարավոր եղավ իրականություն դարձնել արջերի այս երթուղին՝ դեպի նրանց բնականոն կյանք»:
Aravot.am-ին կենդանաբանական այգու սեփականատեր Ստյոպա Վարդանյանն ասաց, որ թեեւ շատ է ափսոսում Գյումրիում ծնված կենդանիներին ուրիշներին տալու համար, սակայն իրեն հանգիստ է զգում. գոնե կուշտ ու առողջ կլինեն: «Արջուկներիս երեկ տեղափոխեցին Երեւանի կենդանաբանական այգի, լավ տեղ են հասել, իրենց լավ են զգում, սրսկումներ կկատարեն, կբուժեն, կարանտինի մեջ են առայժմ: Լավ տաքուկ տեղ է: Մեկ ամիս հետո, պայմանավորվածության համաձայն, արջուկներիս կուղարկեն Ռումինիա: Նախ պետք է չիպավորեն, փաստաթղթերը պատրաստեն, որ կարողանան արտասահման ուղարկել: Իմ կենդանիները հայկական անձնագրեր ունեն, որոնք չեն անցնում, եվրոպական օրենքներով պետք է շարժվենք, հիմա անձնագրերով չէ, չիպավորելով է, կինոներում տեսած կլինեք, չիպեր են դնում, տեղափոխում: Սուտ է, որ իմ կենդանիները փաստաթղթեր չունեն, ուղղակի Եվրոպա տեղափոխելու համար ժամանակ է հարկավոր, կարանտին է հարկավոր, վստահ լինեն, որ հիվանդ չեն, նոր տեղափոխեն: Հետո ժամանակ է հարկավոր, ադապտացիոն ժամանակ է պետք կենդանիներս: Ամեն մի տեղափոխում սթրես է կենդանիների համար: Ես, իհարկե, մեծ ցավ ապրեցի արջուկներիս համար, բայց գիտեք հիմա ինչ է ինձ հետաքրքրում, որ կենդանիներս կշարունակեն ապրել, նրանց տեր կլինեն, կարեւոր չէ՝ ուր են տանում: Հիմա ուշքումիտքս առյուծներս են, թեեւ խոստացել են, որ նրանց էլ տեր կլինեն, կփրկեն»:
Ստյոպա Վարդանյանն անչափ նեղված է բրիտանական DailyMail-ի՝ իր կենդանաբանական այգուն տված բնութագրից: «Գրեցին աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին, խայտառակեցին վար դրեցին, ու այստեղ խոսքը ոչ միայն ինձ, այլ մեր երկիրը՝ Հայաստանը, խայտառակելու մասին է: Եթե ես հիմա առողջական խնդիրներ ունեմ, ի վիճակի չեմ կենդանիներիս պահելու, դա չի նշանակում, որ իրավունք ունեն ոնց ուզեն ներկայացնեն: Գիտեք, որ տանից դուրս չեմ գալիս, բայց նստածս տեղը իմանում եմ, որ իմ կենդանիների համար հանգանակություններ են կատարվում աշխարհով մեկ: Ուզում եմ հայտարարել, որ ինձ զանգահարողներ, իմ հետ կապ հաստատողներ չեն եղել, թե ովքեր են դրամահավաք կազմակերպողները, դա ինձ համար գաղտնիք է, իրոք ուզում եմ իմանալ, թե ի՞նչ հիմնարկություններ են, ովքե՞ր են գաղտնի-գաղտնի, սողուն-սողուն գործարքներ անում: Ես ընդհանրապես կապ չունեմ, ուղղակի մտահոգված եմ իմ կենդանաբանական այգու անունից ավելորդ բաներ չանեն, իմ անունն ու իմ երկրի անունը չշոշափեն, չշահարկեն՝ եթե իրոք օգնելու, կենդանիներիս փրկելու մտադրություն չունեն», -ասաց Ստյոպա Վարդանյանը:
Արջերին Գյումրու կենդանաբանական այգուց տեղափոխելու լուսանկարները վերցված են բնապահպանության նախարարության ֆեյսբուքյան էջից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ