Լրահոս
Օրվա լրահոսը

 Ջոն Թյուսա. «Անցել է արվեստագետների ոգեշնչված հանճար լինելու ժամանակը»

Հունվար 23,2016 19:23

ԵՄ`Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել սըր Ջոն Թյուսան: Նա բրիտանական արվեստի ու մշակույթի ոլորտի ղեկավար է, և ռադիոյի ու հեռուստատեսության լրագրող։ 2014 թ․-ից հանդիսանում է ԵՄ երիտասարդական նվագախմբի համանախագահ։ 1980-1986 թթ․BBC 2 – ի Newsnight ծրագրի հիմնական հաղորդավարն է եղել։ 1986-1993 թթ․ հանդիսացել է BBC համաշխարհային ծառայության գործադիր տնօրենը։ 1995-2007 թթ․զբաղեցրել է Լոնդոնի Barbican արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը։

Հունվարի 23-ին «Արմենիա Վայն» գործարանում Ջոն Թյուսան իր փորձի մասին պատմեց հայաստանցի մի խումբ լրագրողների, եւ քննարկվեց թեման, թե ինչու՞ պետք է մշակույթը եւ ստեղծարարությունը խթանվեն Հայաստանում, իսկ ԶԼՄ-ներն ինչպե՞ս կարող են օգնել մշակութային եւ ստեղծարար ոլորտներին՝ իրենց ողջ ներուժը լիարժեք օգտագործելու համար:
Ներկայացնելով իր Pain in the Arts (թարգմանաբար՝ «Ցավ արվեստում») գիրքը, Ջոն Թյուսան վուլգար որակեց վերնագիրը, ասաց, որ դրա հիմքում «ցավ հետույքում» բրիտանական ասացվածքն է, ապա մանրամասնեց՝ մի քանի տարի առաջ, երբ գիրքը գրվում էր, Միացյալ Թագավորությունում մշակույթի ոլորտի վիճակը ծանր էր, ֆինանսավորման կրճատումներ, գրադարանների ու թատերական ընկերությունների փակում՝ ֆինանսական խնդիրների պատճառով եւ այլն:

Ւնչ վերաբերում է Engaged with the Arts գրքին, այս մասին խոսելիս էլ սըր Ջոնը նշեց, որ երբ իր երկրում խոսում էին արվեստի օգտակարության մասին, մարդիկ ասում էին, որ այն կարող է օգտակար լինել մի պայմանով, եթե գերազանց է: Նա փաստեց, որ Միացյալ Թագավորությունում արդեն հավատում են, թե արվեստը կարող է լինել նաեւ օգտակար, մանավանդ այսօր մշակութային եւ ստեղծարար ոլորտները Համաշխարհային համախառն ներքին արդյունքի 7%-ն են` տարեկան 10% կանխատեսվող աճով, ներկայումս ԵՄ 8.3 մլն քաղաքացիներին ստեղծարար ոլորտն ու արվեստը ապահովում են աշխատատեղերով, իսկ նրանց համախառն

եկամուտը կազմում է 558 մլրդ եվրո: Բացի այդ, 2014 թվականին Մեծ Բրիտանիայում այդ ոլորտները դարձել են ժամում 11 միլիոն եվրո շահույթի աղբյուր:

BBC-ի վառ կերպարն ու մշակութային դեմքը փաստեց, որ իրենց երկրում եւս մշակույթը երիտասարդներին մոտեցնելու թեման միշտ չէ, որ միանշանակ է ընդունվում: Օրինակ վերջերս, Լոնդոնյան «Գլոբ» թատրոնի նորանշանակ տնօրենը կարծիք էր հայտնել, թե Շեքսպիրի լեզուն հասկանալի չէ այսօրվա երիտասարդությանն ու առաջարկել էր խաղալ նրանց լեզվով: Գաղափարը աղմուկ էր հարուցել հանրության շրջանում, դուր չէր եկել նաեւ նույն թատրոնի ներկայացուցիչներին: Բոլորը միաբերան պնդել էին, որ չպետք է թերագնահատել երիտասարդներին:

Ջոն Թյուսան շատ է կարեւորում ԶԼՄ-ների դերը մշակույթի եւ ստեղծարարության մասին անընդհատ բարձրաձայնելու առումով, համոզված է, որ անգամ քննադատությունը բխում է մշակութային հաստատությունների շահերից: Ինչ վերաբերում է ստեղծարար ոլորտին, որն իր հերթին 13 ոլորտ է ընդգրկում (այդ թվում՝ դիզայն, նորաձեւություն, արվեստ…), դիտարկում է որպես տնտեսության կարեւոր մաս, ասում է մասնավորապես Միացյալ Թագավորությունում  100 000 մարդ է ներգրավված  այդ  ոլորտում: Փաստում է, որ Միացյալ Թագավորությունում կառավարությունն արդեն սկսել է մշակութային-ստեղծարար ոլորտին  ավելի լուրջ վերաբերվել եւ դա արդեն լուրջ օգնություն է: Նրա ձեւակերպմամբ,  ոլորտը շահել է կառավարության այդ քաղաքականության շնորհիվ, բայց աճել է ինքնուրույն՝  մարդկանց ստացած լավ կրթության եւ օրիգինալ գաղափարների շնորհիվ:

Սըր Ջոնը գտնում է, որ  դպրոցներից սկսած պետք է ստանալ ստեղծարարական կրթություն, համալսարաններում նույնպես անցնել, թե չէ բոլոր երկրներում կառավարությունները կենտրոնանում են միայն գիտական ուղղությունների ու գիտական կադրերի անհրաժեշտության վրա: Նրա ասելով, վաղուց անցել է արվեստագետների մասին ռոմանտիկ պատկերացումների ու ոգեշնչված հանճար լինելու ժամանակը: «Երբ երկու արվեստագետ հանդիպում են, նրանք չեն ասում, օ՜ մենք այսօր ստեղծարար ենք եղել, ասում են՝ գործերը լա՞վ են»,-փաստում է բրիտանացի լրագրողը: Հավելում, որ մշակութային գործունեությունն իրականում 1 % ոգեշնչում է, 99 % աշխատանք:

Հավելենք, որ ԵՄ`Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի ազգային համակարգող Նարեկ Թովմասյանը ներկայացրեց ծրագիրը, իսկ ազգային փորձագետ Նիկա Բաբայանը՝ սըր Ջոնին: Ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ կողմից, իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից գլխավորվող կոնսորցիումի կողմից՝ Մոլդովայի Սորոս հիմնադրամի, Լեհաստանի մշակույթի ազգային  կենտրոնի եւ Գյոթե ինստիտուտի հետ համատեղ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031