Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնալիքներ՝ Փաշինյանին. «Ոչնչացնելու եմ» (Տեսանյութ)

Հունվար 23,2016 18:41

Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին կուսակցության գրասենյակում առերես հանդիպման էր հրավիրել «սենսացիոն-մեղադրական, քննադատական գրառումների, մեկնաբանությունների հեղինակներին, ինչպես իրենք են ասում՝ «հույժ հավաստի» տեղեկություններ ունեցողներին»:

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հույս ուներ, որ այն մարդիկ, որոնք անընդհատ հանրությանը ահազանգում են, որ հավաստի տեղեկություններ ունեն իր ու Բաղրամյան 26-ի կապերի մասին, չեն եկել, որ այդ հավաստի տեղեկությունները քննարկեն:

Ներկաներից մի կին, որը ներկայացավ որպես տիկին Ջաղինյան, հետաքրքրվեց, թե Փաշինյանը ինչ անելիքներ ունի, վերջինս էլ պատասխանեց, որ այդ թեմային շատ է անդրադարձել, եւ հանդիպումը անելիքների շնորհանդեսի մասին չէ. «Ես եկել եմ, լսեմ մեղադրանքները, ես եկել եմ, քննարկեմ այն հավաստի տեղեկությունները, որ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները ունեն: Խնդրեմ, ո՞ւր են այդ մարդիկ թո՛ղ գան եւ փաստերը ներկայացնեն»:

Տիկին Ջաղինյանը խնդրեց այդ դեպքում արարքներին անդրադառնալ, Փաշինյանը կրկնեց, որ հանդիպման նպատակը ո՛չ անելիքները, ո՛չ արարքները քննարկելը չէ:

«Բայց չէ՞ որ մեղադրանքները  Ձեզ ներկայացնելու են Ձեր արածների հիման վրա, ոչ թե ասածների: Եթե ինչ-որ մեկը Ձեզ մեղադրում է չէ՞ որ ինքը ինչ-որ հիմք ունի, չէ՞, Ձեզ մեղադրանք ներկայացնելու»,- ասաց տիկին Ջաղինյանը:

Փաշինյանը պատասխանեց. «Ես ուզում եմ Ձեզ հիասթափեցնել. որեւէ մեկը որեւէ հիմք չունի: Այն ամեն ինչն ինչ-որ հնչում է սոցիալական ցանցերում եւ որպես վճարովի գովազդ տեղադրվում է, եւ եթե այդ մարդիկ չեն գալիս եւ այս ամենին չեն մասնակցում …»: Տիկինը ընդհատեց նրան. «Էդ մարդն եկել ա»: Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւմ է մեղադրում իրեն:

«2008 թվականի դեպքերի մասին խնդրում եմ Ձեր եւ Ձեր դերակատարության որակավորումն ասեմ, միջամտությունը ասեմ, ներկայությունը ասեմ, ով էիք Դուք այնտեղ եւ ի՞նչ կատարվեց 2008 թվականին»,- հետաքրքրվեց տիկինը:IMG_1100

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ 2008 թվականին իր մասնակցությամբ ինչ-որ հեռախոսազրույցներ են դնում շրջանառության մեջ եւ ասում են՝ «Ահա, ողջ ճշմարտությունը». «Իսկ որեւէ մեկը հարցրել է, այդ հեռախոսազրույցների մեջ, կոնկրետ իմ ասածների մեծ ի՞նչն է պրոբլեմատիկ: Այն ինչ-որ այդ հեռախոսազրույցի մեջ ասել եմ 2008 թվականին նույն իրավիճակում կասեի նաեւ հիմա: Անկեղծ ասած, շատ հպարտ եմ, որ այդ օրը խոսել եմ այդպես, այդ տեքստով եւ հպարտ եմ այն, ինչ ես արել եմ այդ օրը, որովհետեւ այն, ինչ ես այդ օրն արել եմ ուղղված է եղել բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդին, օրինականությունը եւ սահմանադրականությունը պաշտպանելուն»:

«Այսինքն՝ մարդ սպանելո՞ւն»,- ասաց տիկինը: Նիկոլ Փաշինյանը նրան հորդորեց, եթե տեղեկություն ունի, որ ինքը մարդ է սպանել դիմի Հատուկ քննչական ծառայությանը: Նիկոլ Փաշինյանը ասաց, եթե այդ կինը ներկայացնում է այն մարդկանց, որոնք սոցիալական ցանցերում իրեն մեղադրում են, ապա հանդիպումը կարելի կայացած համարել եւ անդրադարձավ մյուս հարցերին:

Հանդիպման ընթացքում կինը բացականչություններ էր անում, որոնք անարձագանք էին մնում, որից հետո, նա վեր կացավ, որպեսզի հեռանա եւ բացականչեց. «Էդ նույն բաները ժողովուրդը 25 տարի ա լսում ա, դու ստեղ կանչել էիր, թույլ չտվեցիր մի բառ ասել, թույլ չտվեցիր իմ հիմնավորումները … Այ, սա ես»:

Փաշինյանը խնդրեց մնալ եւ ներկայացնել իր հիմնավորումները, սակայն կինը ասաց.  «Չունեմ ասելու էլ ոչ մի բան, հեն ա, կանչել ա ստեղ իր հեքիաթները, իր եսիմ ինչերը … էն ինչ-որ ասում ես, մենք լրիվ լսել ենք, դու ասա 2008 թվականին ի՞նչ արեցիր, ինչի՞ արեցիր, ու 137 հոգի մարդ մեռավ, ոչ մեկը էսօր պատասխան չկա, եւ ինչի՞ քո նմանները, որ քաղաքական դաշտում իրանց ճղում են ու ընդդիմություն են որպես այդպիսին ցույց տալիս, ինչի՞ մինչեւ էսօր փոփոխություն չկա: Ի՞նչ ինստիտուցիոնալ, հիմա էլ մի քսան տարի պետք ա քո ինստիտուցիոնալը բան անենք, ժողովուրդը մեռնում ա էսօր»:

Եվ չնայած հորդորներին՝ մնալ եւ մասնակցել հանդիպմանը, տիկինը գնաց: Սակայն, շուտով  սպառնալիքներով վերադարձավ. «Ի միջիայլոց, ես քեզ ոչնչացնելու եմ քո քաղաքական դաշտում, սա էլ իմ հեռախոսի համարը, բան կունենաս ասելու, կզանգես կասես: Ոչնչացնելու եմ քեզ, երկու երեսանի»: Անձեռոցիկի վրա գրած հեռախոսահամարը փոխանցեց Փաշինյանին եւ հեռացավ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Կրկեսի երեւոյթէն անդին, այս միջադէպը կ’արծարծէ խորքի լուրջ նիւթ մը՝ 2008-ի Փետրուարեան Ապստամբութեան պարագլուխների պատասխանատվութեան բաժինը, ժողովրդային սոյն պոռթկումին յաջորդող ահաւոր ողբերգութեան մէջ:

    Այդ նիւթի կապակութեամբ, այս տիկնոջ մեղադրանքները անարդար են, նկատի ունենալով որ՝

    ա. Յիշեալ դէպքերի առաջին եւ հիմնական կազմակերպիչը Լեւոն Տէր-Պետրոսեանն էր, եւ ոչ թէ Նիկոլ Փաշինյանը: Երկրորդը առաջինին գործիքն էր, հազիւ:

    բ. Երբ որ կրակոցները սկսան, Փաշինյանը գոնէ դիրքի վրայ էր, ժողովուրդին հետ: Ի տարբերութեան յեղափոխական շարժումի վերոյիշեալ հիմնական պարագլուխին, որ այդ պահուն կը գտնուէր, հանգիստ ու ապահով, իր տունը:

    գ. Դարձեալ ի տարբերութիւն վերոյիշեալ ԼՏՊ-ին, Փաշինյանը հալածուեցաւ, եւ ապա բանտ նստաւ, այդ դէպքերի կապակցութեամբ:

    Հետեւաբար, եթէ այսպիսի մեղադրանքներ պիտի կատարուին, հարկաւոր է մի քիչ աւելի արդար լինել, Փաշինյանի նկատմամբ:

    Մի ուրիշ անհրաժետ ճշդում ՝ «137 հոգի մարդ մեռավ» ?!
    Երեւի մի քիչ չափազանցված թիւ է…

    (
    Թիւրիմացութիւն չըլլայ, ամէն դէպքում,

    1. մէկ հատիկ մեռեալ իսկ, արդէն մէկ մեռեալ շատ է, տուեալ կացութեան մէջ

    2. ոչ մէկ կերպով կարելի չէ արդարացնել Պետութեան կողմէ անմեղ քաղաքացիներու վրայ կրակ բանալը: Օրինապահ իշխանութիւններու պարտաւոր էին ուրիշ ձեւեր գտնելու, վերջ դնելու համար քաղաքական անհանդարտութեան: Սակայն այստեղ նիւթը այդ չէ:
    )

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031