Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հունվարի 23-ին «Ազդակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ «Ուլիս» ակումբի մարզիչ Գագիկ Սիմոնյանի գործին: Նա նշեց, որ վերջինս եւս կալանավորված է եւ որպես խափանման միջոց ընտրված է կալանք:
«Տեղեկացնեմ, որ այնքանով, որքանով տիրապետում եմ քրեական գործի նյութերին իմ պաշտպանյալի մասով, կարծում եմ, որ իմ պաշտպանյալը չի կատարել այնպիսի արարք, որ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով: Վստահ եմ, շատ հարցերի պատասխան հանրության կողմից կտրվի: Դրված է հոդված կաշառք վերցնելու եւ խաղը ծախելու, իմ պաշտպանյալը կաշառք չի վերցրել, կաշառք չի տվել, խաղն էլ չի ծախել, դա իմ կարծիքն է»:
Լեւոն Բաղդասարյանը հավելեց, որ իր պաշտպանյալը վերջին խաղի շրջանակում խաղադրույք չի կատարել. «Անգամ եթե մենք դիտարկվում ենք, նա, կամ իր անունից հորդորված երրորդ անձը խաղադրույք կատարել է, թե ոչ , վերջինիս անունից հայտարարում եմ, որ ոչ»:
Հիշեցնենք՝ ըստ ԱԱԾ հաղորդագրության, 2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ /պաշտպան/ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առանձին ֆուտբոլիստների միջև: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով: «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված են, 11.01.2016թ.-ին նաև ձերբակալվել են մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ