ԵՊՀ Ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոս, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, զոհված ազատամարտիկի այրի Ռոզա Քարամյանի գրքերից ստացված հասույթը՝ 940.000 դրամ, տրամադրվել է Կապանի զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց հեղինակը. «188 ընտանիքներից յուրաքանչյուրին 5000 դրամ հասավ, բայց նրանք ուշադրությունից էին ոգեւորվել, ոչ թե 5000 դրամ ստանալու փաստից»: Ռոզա Քարամյանի գրքերը նվիրված են զոհված ազատամարտիկներին, պատերազմին և դրա հետևանքներին: Նա գրել սկսել է ամուսնու մահից հետո 1992 թվականին. «Գրքերում նկարագրել եմ՝ ինչպես ապրել այն ցավը, որն անսպասելիորեն վրա է հասել: 2008 թվականին լույս տեսավ «Ոչինչ այդքան հեշտ չէ» գիրքը, որը ներկայացնում է կյանքիս իրադարձությունները՝ մանկությունը, ուսանողական տարիները, Ղարաբաղյան շարժումը: Շնորհակալ եմ ճակատագրին, որ այդ իրադարձությունը տեղի ունեցավ: Հետո գրեցի «Զինվոր, ասպետ, մարդ» գիրքը, որը նվիրված է գեներալ Մուրազ Սարգսյանին: Նա աղքատ ընտանիքից էր, բայց աշխատասիրության շնորհիվ մեծ ձեռքբերումներ ունեցավ: Գրքում նկարագրել եմ նաեւ ինձ եւ մյուս ազատամարտիկների կանանց հետ կատարված ողբերգությունը: Ինձ կորուստը չի չարացրել: Ընդհակառակը, ավելի շատ եմ ցանկացել լինել մարդկանց հետ եւ բարիք գործել մարդկանց համար»,-ասաց տիկին Քարամյանը:
Նա փաստեց, որ Պաշտպանության նախարարությունը մեծ աջակցություն է ցուցաբերում զոհված ազատամարտիկների ընտանիքներին. «Դժվար է այրի լինել, երբ անօգնական եւ մենակ ես մնում: Իմ գրքերից մեկում նաեւ նախարարության աշխատանքի եւ ուշադրության մասին եմ գրել: Սեյրան Օհանյանը մեր խնդիրների հանդեպ անտարբեր չէ: Ես անձամբ շատ եմ դիմել տարբեր խնդիրներով, եւ երբեւէ նա որեւէ հարցում չի մերժել: Նրա հետ շփումներից էլ միտք առաջացավ նրա մասին գիրք գրել: Այն լույս է տեսել վերջերս: Գրքում ուշադրություն եմ դարձնել նաեւ Ղարաբաղյան շարժմանը, բանակի խնդիրներին, Ցեղասպանությանը, Ադրբեջանի բանակին: Նրանք չգիտեն ինչ է նշանակում «սպիտակ դրոշակ», եվրոպական օրենքներ, բայց ասում են, որ հավատում են Ալլահին: Բայց հավատքը մյուսներին ոչնչացնելու մեջ չէ: Ես գնահատական եմ տվել այդ ամենին: Գուցե այդ գնահատականը դաժան է, բայց արդարացի է»:
Ռոզա Քարամյանը նաեւ ասաց, որ շատ է սիրում ճամփորդել եւ առաջիկայում նախատեսում է գիրք գրել ճամփորդական տպավորությունների մասին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ