«Դաբաղն օդակաթիլային ճանապարհով արագ տարածվող հիվանդություն է: Գիտական թեզ կա, որ հիվանդություն 200-300 կիլոմետր շառավղով կարող է տարածվել»,- լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե ինչպես կարող էր դաբաղ հիվանդությունը Թուրքիայից հասնել Հայաստան, ասաց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
Նա հայտարարեց, որ այս օրերին ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ են հնչեցվում դաբաղի տարածման մասին եւ այն մարդիկ, որոնք դրա մասնագետը չեն՝ սխալ հայտարարություններ են անում:
Լրագրողների դիտարկմանը, թե ինչու ասուլիսն ավելի վաղը չհայտարարվեց եւ կկանխվեց սխալ տեղեկատվության տարածումը, Հովհաննես Մկրտչյանը պատասխանեց. «Եթե ցանկանում եք, որ ասուլիս հայտարարենք եւ ասենք, որ պատվաստանյութ ենք պատվիրում, խնդրեմ, ես շաբաթ օրերը կարող եմ ասուլիս հայտարարել»:
ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետը վստահեցրեց՝ Հայաստանի բնակիչները հանգիստ կարող են օգտագործել կենդանիների միսը, քանի որ չկա որեւէ մտավախություն, չկա հիվանդություն, չկա ռիսկ. «Եթե վտանգ լիներ, կտեղեկացնեինք»:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ միսը եփելիս այն ջերմային մշակման է ենթարկվում, եւ վիրուսը լինելու դեպքում էլ վերանում է:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ