«Չկա նման մտավախություն, որ դաբաղով հիվանդ կենդանու միսն ուտելուց մարդը կարող է վարակվել: Մսի հետ կապված խնդիր չկա: Կենդանիների վարակվելու 2 դեպք է եղել, 2-ն էլ ոչնչացվել են: Հիմա չկա հիվանդ կենդանի` դրա համար այդ մասին չի խոսվում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
Նա նշեց, որ դաբաղի դեպքերի մասին չի հայտարարվել, որպեսզի վնաս չհասցվի արտահանմանը. «Արդեն երեկ լրագրողների հետ միասին մենք խոչընդոտել ենք 2 երկրներ արտահանման: Չեմ ուզում ասել, թե որ երկրներն են, բայց փաստ է, որ դա վնաս է հասցնում»:
Հովհաննես Մկրտչյանը տեղեկացրեց, որ Գյուղատնտեսության նախարարության 630 անասնաբույժներ այժմ աշխատում են. «Կան անասնաբուժական տեսչություններ, կան մասնագետներ: Առաջին օրվանից բոլորս ոտքի վրա ենք: Հիվանդությունն աչքով տեսանելի է, այն չտեսնել-անցնել անհնար է: Գյուղացիները նույնպես շատ լավ գիտեն, նշանները ճանաչում են»:
ԳՆ պաշտոնյան վստահեցրեց, որ դաբաղի դեպքերը չեն թաքցրել. «Եթե թաքցնեինք, այդ երկու դեպքն է կթաքցնեինք: Հայաստանը, որպես Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ, ունի պարտավորություններ, որոնք պետք է կատարել: Եթե կա լաբարատոր հաստատված դեպք, դա տեղադրվում է իրենց կայքում եւ բոլոր անդամ երկրները տեղեկանում են»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով այս օրերին շրջանառվող այն հարցին, թե ինչու մենք պետք է Ռուսաստանից տեղեկանանք հիվանդության մասին՝ Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ Ռուսաստանը տեղեկացել է Հայաստանի Հանրապետության հաղորդագրությունից: «Մեր ծառայության պետն այժմ գտնվում է Ռուսաստանում, որպեսզի հնարավորինս արագ ձեռք բերվի պատվաստանյութը եւ կանխարգելվի հիվանդության տարածումը»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ