Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. «2016-ը ոչ միայն ճգնաժամի, այլ նոր հնարավորությունների տարի է»

Հունվար 23,2016 13:04

«Քաղաքական և տնտեսական առումով կլիներ ինքնասպանություն, եթե մենք հրաժարվեինք այս անդամակցությունից»,- «Հայք» վերլուծական կենտրոնում իր կարծիքը հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանն՝ ամփոփելով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին տարին: Ըստ նրա, ԵԱՏՄ-ն, որքան էլ դեռ կայացման փուլում է, խոցելի կետեր շատ ունի, այնուամենայնիվ, որպես տարածաշրջանային միություն, այլընտրանք չունի: Այլընտրանք չունի նաև Հայաստանի անդամակցությունը այդ միությանը: Այս «Տարին լի էր դժվարություններով ու խնդիրներով: ԵԱՏՄ մեկ տարին կարելի է բնութագրել որպես կառույցի կազմավորման և կայացման տարի: ՀՀ պետական բյուջեի եկամտային մասում նվազեցին հարկերը, մասնավորապես, վերացան ՌԴ-ից և ԵԱՏՄ այլ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների և ծառայությունների դիմաց գանձվող մաքսատուրքերը: Կրճատվեցին նաև Հայաստան եկող տրանսֆերտները»,-ասաց նա՝ հավելելով, որ բավականին ռիսկեր դեռ կան, որոնք, սակայն, անցողիկ բնույթ ունեն, թեև որոշակի շարունակություն կունենան: Առավել արմատական խնդիրների թվում տնտեսագետը առանձնացնում է այն, որ հետխորհրդային ու հատկապես ԵԱՏՄ անդամ, երկրներում գրանցվեց ազգային արժույթների գերարժեզրկում: Թաթուլ Մանասերյանը նկատեց, որ արժութային կայունության իմաստով շատ խնդիրներ կան, բայց ՀՀ-ն, շնորհիվ Կենտրոնական բանկի վարած դրամավարկային խիստ հավասարակշռված քաղաքականության, խուսափեց ցնցումներից. «Այնպես որ այս առումով Հայաստանը կարող է ուսանելի օրինակ լինել ԵԱՏՄ անդամ երկրների համար»:

Ընթացիկ տարում Թաթուլ Մանասերյանը  կարևորում է ազգային օրակարգի ձևավորումը, որը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը. «2016 թվականին Հայաստանի համար հնարավորությունները կարող են լինել մի քանի ասպարեզներում, օրինակ՝ ԵԱՏՄ երկրներում մեծ պահանջարկ կա ՏՏ մասնագետների, իսկ այս ոլորտում Հայաստանը առաջատար է: Նաև Հայաստանը կարող է կարևոր գործընկեր դառնալ հատկապես Ռուսաստանի համար՝ Թուրքիայի հետ տնտեսական սահմանափակումների համատեքստում: Մենք իրատեսական ենք համարում գյուղմթերքների արտահանման քառապատկումը Ռուսաստան՝ բարենպաստ բնակլիմայական պայմանների և պետության կողմից կազմակերպչական բնույթի աջակցության դեպքում»,-ասաց տնտեսագետը`հավելելով, որ մենք պետք է կարողանանք լուծել մրցունակության բարձրացման խնդիրը: Վերադառնալով ազգային հստակ օրակարգի ձևավորմանը, տնտեսագետը նշեց, որ դա ոչ միայն կարևոր է մշակել, այլև իրացնել այս տարածաշրջանում. «Օրինակ, արժեզրկված արժույթ ունեցող հետխորհրդային երկրներից կարող ենք ներմուծել հումք և նյութեր, վերամշակել դրանք մեր երկրում և պատրաստի արտադրանքը ուղղել դոլարային երկրներ: Կարծում եմ, որ նաև բարեբախտություն է, որ վերսկսեցինք բանակցությունները ԵՄ հետ ու թեև 2016 թվականը լինելու է դժվար տարի, փորձություններով լի տարի, բայց այն նաև հնարավորությունների տարի է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031