Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը երեք «եւ»-ի կողմնակից է: Այսինքն, որ Հայաստանն իր տնտեսական հարաբերությունները զարգացնի ե՛ւ ԵԱՏՄ-ի, ե՛ւ ԵՄ-ի, ե՛ւ Իրանի, Չինաստանի ու աշխարհի այլ երկրների հետ: Այդ մասին այսօր նա հայտարարեց «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ, որին մասնակցում էին Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները:
Հայաստանի առջեւ ծառացած հիմնական խնդիրները տնտեսագետը երեք կետով է նշում`ռուսական շուկայում գնողունակության անկումը, տրանսֆերտների հոսքի նվազումը դեպի Հայաստան եւ գունավոր մետաղների գների համաշխարհային անկումը:
«Մեր դժվարությունները որոշակիորեն մեղմվել են ԵԱՏՄ-ի անդամ լինելու արդյունքում»,- ասաց տնտեսագետը`վկայակոչելով Ադրբեջանում մանաթի արժեզրկման պատճառով առաջացած աժիոտաժը, ԵՄ Ասոցացման պայմանագիր ստորագրած Վրաստանի եւ Մոլդովայի արժույթների արժեզրկումը եւ այդ պատճառով առաջացած տնտեսական եւ սոցիալական խնդիրները: Եթե Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ չլիներ, գազի համար կվճարեր 30 տոկոս մաքսատուրք`ունենալով մոտ 130 միլիոն դոլարի կորուստ, դեպի ՌԴ արտագնա աշխատանքի շուկայում սահմանափակումներ կլինեին, ինչը կբերեր լրացուցիչ 500 միլիոն դոլարի կորուստի եւ Հայաստանում գործազրկության աճի, տեղի կունենար մաքսատուրքերի էլ ավելի կրճատում`լրացուցիչ սանիտարական նորմերի սահմանափակումների պատճառով:
Այս իրավիճակում, ըստ տնտեսագետի, Հայաստանում պետք է կարողանանք հետեւյալ հիմնական խնդիրները կարգավորել`ճգնաժամից պատվով դուրս գալու համար` էներգակիրների գների հարաբերական նվազեցումը`նավթ, գազ, էլեկտրաէներգիա, նկատի ունենալով նաեւ միջազգային շուկայում գնանկման միտումը: Ապա, այսպես ասած «թանկ փողերի քաղաքականության» վերանայումը`տոկոսադրույքների նվազեցումը: Նա ուղղակի առաջնահերթություն է համարում արտահանման խթանումը, կիրառելով արտահանվող ապրանքների ապահովագրման մեխանիզմներ, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:
Կարդացեք նաև
Նա պնդում է, որ Հայաստանն ավելի շահեկան վիճակում կլինի, եթե անմիջապես կիրառվեն ԵԱՏՄ-ի համաձայնագրի կետերը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ