Երեւանը, իհարկե, կա եւ լինելու է: Բայց այն Երեւանը, որտեղ գերազանցապես սեւ տուֆից շենքեր էին ու իրենց հատուկ միջավայր էին ստեղծում, արդեն չկա: Այդ Երեւանն անդարձ հեռացավ պատմության, հուշերի ու լուսանկարների հին ալբոմների գիրկը։
Արամի 30-ը, ասում են, պատմաճարտարապետական հուշարձան չէր: Պարզապես 19-րդ դարում կառուցված շենք էր: Ուստի, ասում են «ասողները», չարժե այդքան վաշ-վիշ անել, աղմկել եւ այսպես շարունակ: Բայց, ախր, եթե Արամի 30-ը թեկուզ երիցս հուշարձան լիներ, մի՞թե դա կանգնեցնելու կամ խոչընդոտելու էր կառուցապատողներին:
Մաշտոցի պողոտայի նախկին Փակ շուկան, ի՞նչ է, հուշարձան չէ՞ր: Դա մի՞թե որեւէ կերպ խանգարեց, որ շենքի նոր ու ներկայիս սեփականատերը կառույցի հետ անի՝ ինչ մտքով անցնի: Եվ մի՞թե այս տարիներին քիչ հուշարձան-շենքեր են զոհաբերվել «գերակա շահ» ասվածի տակ:
Ի դեպ, այդ բառակապակցությունը, եթե չենք սխալվում, լրիվ տեսքով այսպես է հնչում. «հանրային գերակա շահ»: Իսկ ի՞նչ էր կամենում հանրությունը: Մի՞թե հին շենքերի անխնա վերացում: Իցիվ թե:
Սակայն դաժան իրողությունն այն է, որ ինչպես Արամի, այնպես էլ՝ Բուզանդի, Աբովյան փողոցների վրա եղած բազմաթիվ հին շենքեր պատմաճարտարապետական հուշարձանից վերածվեցին պատմության գիրկն անցած ու ոչնչացված հուշարձանի:
Ճիշտ է, տարիներ շարունակ խոսվում է «Հին Երեւան» ծրագրի մասին: Նախագիծն էլ կա, որ Արամի, Բուզանդի, Եզնիկ Կողբացու, Աբովյան փողոցներով պարփակված տարածքում պետք է այդ «Հին Երեւանը» կառուցվի: Խոսքը, ըստ էության, անցած 15-20 տարիներին քանդված շուրջ մեկուկես տասնյակ շենքերի վերականգնման մասին է: Բայց: Սա այն դեպքն է, որ մինչեւ քո աչքով չտեսնես, որ արվել է, չես կարող հավատալ, որ կարվի:
Ավելին: Ակնհայտ է, որ այն հատուկենտ հին շենքերն էլ, որ ինչ-որ հրաշքով պահպանվել են իրենց տեղերում, արդեն խորթ են՝ իրենց շուրջը գոյացած «էլիտար» շենքերի միջավայրում: Պարզ է, որ վաղ թե ուշ արկղաբետոնե նորակառույցները այդ վերջին մոհիկաններին էլ «կուտեն»: Վաղ թե ուշ:
Ափսոսանք ու ցավ ես զգում ակամայից: Ափսոսանք, որ այլեւս չկա այն Երեւանը, որը փաստորեն ու գերազանցապես լուսանկարներում է միայն արդեն: Ցավ, որ այս ամենը կարող էր եւ այսպես չլինել:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:
Կարդացեք նաև