Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոլդովացիների պայքարը ՌԴ-ի կամ Եվրոպայի կողմն անցնելու համար չէ»

Հունվար 23,2016 14:30

Մոլդովացի լրագրողը՝ Քիշնեւի զարգացումների մասին

Վերջին օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում տեղի ունեցողն է: Տեւական ժամանակ ընթացող ցույցերը հունվարի 20-ին հասան գագաթնակետին. խորհրդարանը հաստատեց նոր կառավարության կազմն ու վարչապետի թեկնածուին՝ Դեմոկրատական կուսակցությունից Պավել Ֆիլիպին: Սա բորբոքեց խորհրդարանի շենքի շուրջ հավաքված ցուցարարների ցասումը, նրանք, անցնելով ոստիկանական պատը, ներխուժեցին խորհրդարանի շենք: Բախումներ եղան ոստիկանական ուժերի եւ ցուցարարների միջեւ:

Մոլդովայի ներքաղաքական զարգացումները արտասահմանյան մամուլում, հատկապես ռուսական լրատվամիջոցներում լուսաբանվում են որպես երկրում առկա պրոեվրոպական եւ պրոռուսական ուժերի պայքար: Ռուսական լրատվամիջոցներում շեշտադրվում է, որ մարդիկ դուրս են եկել փողոց կոչերով, թե ցանկանում են ՌԴ-ի հետ նույն միության կազմում լինել:

«Առավոտի» հետ զրույցում մոլդովական Agora.md լրատվական կայքի լրագրող Շտեֆան Գրիգորիտան, որն ամբողջ ընթացքում լուսաբանել է զարգացումները, ասաց՝ մոլդովացիների պայքարը երկիրը կոռուպցիայից ազատելու համար է, ոչ թե Ռուսաստանի կամ Եվրոպայի կողմն անցնելու: «Նոր կառավարություն ընտրվեց: Այն կոալիցիա էր՝ կազմված՝ «պրոեվրոպական» կոչվող կուսակցություններից եւ շատ ազատ պատգամավորներից, որոնք գնվել էին կոմունիստներից եւ լիբերալ-դեմոկրատներից: Մարդիկ դրա դեմ էին բողոքում»:

Շտեֆան Գրիգորիտան հաստատում է միջազգային մամուլում շրջանառվող վարկածը, որ նոր կառավարությունը ձեւավորվել է Մոլդովայի օլիգարխներից մեկի՝ Վլադիմիր Պլախոտնյուկի ազդեցությամբ, որը նույնպես դրել էր իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում, սակայն նախագահը այն չի ընդունել: Ըստ մեր զրուցակցի՝ այս օլիգարխը գնել է խորհրդարանի պատգամավորների ձայների մեծամասնությունը: Զրուցակիցս կարծում է, որ շատերը մտածում են, թե ցույցերը ՌԴ կողմն անցնելու համար էին, քանի որ կազմակերպիչների շարքերում կային պրոռուսական ուժերի ներկայացուցիչներ՝ հանձին «Մեր կուսակցության» նախագահ Ռենատո Ուսատիի:

«Կես ժամից ցուցարարները լքեցին խորհրդարանի շենքը, նրանք չեն ցանկացել վնասել այն, որովհետեւ այն պետական հաստատություն է: Իմաստ էլ չկար վնասելու, որովհետեւ դա մեր գումարներից է կառուցվում»,- ասում է Շտեֆան Գրիգորիտան:
Հիմա արդեն Քիշնեւում խաղաղ ցույցեր են. ցանկությունն ու պահանջը այս գարնանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է, կոռումպացված խորհրդարանից ազատվելը: Շ. Գրիգորիտայի կարծիքով՝ արտահերթ ընտրություններ չեն լինի, նոր խորհրդարանը կընտրվի աշնանը:

Անդրադառնալով երկրում տեղի ունեցողի մասին միջազգային հանրության արձագանքին՝ մոլդովացի լրագրողն ասում է. «Եվրամիությունը ողջունում է նոր կառավարությանը: Սա իրականում հետաքրքիր դիրքորոշում է, որովհետեւ նրանք ասում են՝ սա նոր կառավարություն է, որն իր հետ բերելու է կայունություն: Նրանք խաղաղության կոչեր են անում, ասում են, որ նոր կառավարությունը բանակցի ցուցարարների հետ, գտնեն ընդհանուր եզրեր, առաջ մղեն Մոլդովան եւ նման դիվանագիտական բաներ: Նույն կոչը արեց նաեւ ԱՄՆ-ը»: Ըստ Շտեֆան Գրիգորիտայի՝ հետաքրքրական է ՌԴ «լռությունը». «Հետաքրքիր է, որ Ռուսաստանի դեսպանատունը որեւէ հաղորդագրություն չտարածեց մինչեւ հիմա: Իրականում Մոլդովայում չկա Ռուսաստանի ուժեղ դիրքորոշումը, բայց նրանց լռությունն իսկապես հետաքրքրական է»,- ասում է նա:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031