Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽ-ում մենք չպետք է հանդես գանք դրսից բողոքողի դերում

Հունվար 23,2016 14:00

ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը եւ «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են» բանաձեւերի նախագծերին տրվող հանրային ծայրահեղ բացասական գնահատականը շատ հաճախ ուղղված է լինում ոչ թե կոնկրետ հասցեատիրոջը, այս դեպքում` ԵԽԽՎ որոշ պատգամավորների, այլ ԵԽ-ին՝ որպես ընդհանրական կառույցի: Ավելին՝ շատ հաճախ այդ բացասական գնահատականը վերագրվում է ամբողջ եվրոպական ուղղությանը՝ չտարանջատելով որեւէ կառույց:
Բացի նրանից, որ նման ընդհանրական գնահատականը չի կարող օբյեկտիվ լինել, այն նաեւ իր մեջ պարունակում է լուրջ մարտահրավեր. դրանով մենք կարող ենք ստեղծել արհեստական պատնեշ, որի մի կողմում հայտնվում ենք մենք, մյուս կողմում՝ եվրոպական ուղղությունը՝ անտեսելով այն, որ մենք ինքներս մի շարք եվրոպական կառույցների, այդ թվում՝ նույն ԵԽ-ի լիիրավ անդամ ենք:

Նման ծայրահեղ դիրքորոշումից խուսափելու համար պետք է հաշվի առնել մի քանի կարեւոր հանգամանք:

Նախեւառաջ անհրաժեշտ է տարանջատել ԵԽ-ն ԵԽԽՎ-ից, քանի որ վերջինս ԵԽ միայն մեկ մարմին է, եւ մեր համագործակցությունը ԵԽ-ի հետ չի սահմանափակվում միայն այդ մարմնով:

Հայաստանն ունի ակտիվ ներգրավվածություն Եվրոպայի խորհրդի հիմնական մարմինների, ինչպես նաեւ միջկառավարական համագործակցության փորձագիտական կոմիտեների աշխատանքներում, որտեղ նա հանդես է գալիս կազմակերպության գործունեության եւ դերակատարության համար կարեւոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով: Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է արտաքին գործերի նախարարը, Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսում ՀՀ պատվիրակությունը ներկայացված է ՀՀ տեղական ընտրովի մարմինների ներկայացուցիչներից: ԵԽ քարտուղարության եւ «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) հետ համագործակցության շրջանակներում ընդունվել եւ փոփոխվել են ՀՀ համապատասխան Օրենսգրքերն ու օրենքները:

Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է Եվրոպայի խորհրդի 58 կոնվենցիա, ներգրավվել եւ շարունակում է իր ներգրավվածությունը տարբեր ծրագրերում, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում, ինչպես, օրինակ, դատաիրավական եւ քրեակատարողական համակարգերում, կրթական ոլորտում եւ այլ բարեփոխումների իրականացմանը:
Երկրորդ՝ ԵԽԽՎ-ն կառույցի գործադիր մարմին չէ: Եթե այն դիտարկենք ԵԽ մարմինների հիերարխիայում, ապա այն երրորդն է՝ Գլխավոր քարտուղարից եւ Նախարարների կոմիտեից հետո: Բացի այդ, համաձայն արեւմտյան ժողովրդավարության կանոնների, միեւնույն կառույցի տարբեր մարմինները դիտարկվում են իրարից անջատ եւ մի մարմնի կողմից ընդունած դիրքորոշումը պարտադիր չէ, որ համընկնի այդ հարցում այլ մարմինների ունեցած դիրքորոշման հետ: Մյուս կողմից՝ ԵԽԽՎ-ն կազմված է անդամ երկրների խորհրդարանական ներկայացուցիչներից, եւ նրանց դիրքորոշումները նույնպես պարտադիր չէ, որ համընկնեն իրենց երկրների պաշտոնական դիրքորոշման հետ:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ ԵԽԽՎ վերոնշյալ բանաձեւերի վերաբերյալ որեւէ գնահատական տալուց առաջ երեւի ավելի օբյեկտիվ կլինենք, եթե նախ հստակեցնենք հասցեատիրոջը, չմոռանանք, որ մենք նույնպես այդ կառույցի լիիրավ անդամ ենք եւ ունենք այդ կառույցի տարբեր մարմինների հետ (ոչ միայն ԵԽԽՎ) անդամակցության 15 տարիների փորձ: Ուստի եթե այդ կառույցում տեսնում ենք թերություններ եւ ցանկանում ենք, որ մեր խոսքն ընկալելի դառնա, մենք պետք է հանդես գանք ոչ թե դրսից բողոքողի, այլ տանտիրոջ դերում, ով պատրաստ է ունենալ սեփական ներդրումն այդ թերությունները շտկելու հարցում:

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031