Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը պարտվում է «հերոսաբար»

Հունվար 23,2016 12:00

Ռուբլու անկումը` «հիանալի առիթ» նոր հնարավորությունների համա՞ր

Կրեմլը, պարզվում է, մտադիր է զբաղվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի վերակազմավորմամբ՝ այն դարձնելով ունիվերսալ միջազգային կազմակերպություն: «Ռուսաստանը մտադիր է սերտացնել համագործակցությունը գործընկերների հետ ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի, G20-ի, Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ու միջազգային մյուս կառույցների շրջանակում: Մեր երկիրն ակտիվորեն օգտագործելու է տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային ինտեգրման պոտենցյալը ԱՊՀ-ի ու ԵՏՄ-ի շրջանակում, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ը վերակազմավորելու է՝ դարձնելով ունիվերսալ միջազգային կազմակերպություն, որը ի վիճակի կլինի հակազդել մարտահրավերների լայն շրջանակին ու մեր ժամանակների սպառնալիքներին»,- ասվում էր օրերս Ռուսաստանի Անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ:

Պուտինը վերջին ամիսներին զբաղված է միջազգային ասպարեզում իր մասին հիշեցնելով, նա լարել է ողջ ուժերը իր ձգտումը կյանքի կոչելու համար, որպեսզի միջազգային հանրությունը հաշվի նստի Ռուսաստանի հետ:

Պուտինը երբեք չի խոստովանի, որ ԱՊՀ-ն ու ՀԱՊԿ-ը կուռ ու արդյունավետ կառույցներ չեն: Պուտինը երբեք չի արձանագրի, որ ԵՏՄ-ն անիմաստ միավորում էր: Առանց Պուտինի բացահայտումների էլ դա պարզ է բոլորին եւ առաջին հերթին՝ հենց իրեն: Մի՞թե Պուտինը չգիտի, որ այդ կառույցների առանձին անդամներ հարկ եղած դեպքում ավելի ուժգին են քննադատում Ռուսաստանին` նրա կայսերապաշտական մոտեցումների համար, քան ընդդեմ պուտինյան Ռուսաստանի հանդես եկող որեւէ այլ երկրի ներկայացուցիչ:

Վերջին օրերին ռուսական տարադրամը նորանոր ռեկորդային անկումներ է գրանցում. դոլարի փոխարժեքը գերազանցում էր 82 ռուբլին, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 90 ռուբլին։ Ռուբլու ռեկորդային անկումը կապված է դոլարի եւ եվրոյի նկատմամբ նավթի գների շարունակական անկման հետ։ Էներգետիկայի միջազգային կազմակերպության կանխատեսումներով՝ նավթի գները հետագայում եւս անկում կգրանցեն համաշխարհային շուկա Իրանի վերադարձի շնորհիվ` Իրանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների չեղարկումից հետո։

Բայց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հերոսաբար» դիմադրում է` ցույց տալով, թե մտահոգվելու առիթ չկա: Նրա համոզմամբ` ռուսական բիզնեսը «դիմացել» է երկրում տնտեսական ճգնաժամին։ Նման կարծիք է հայտնել Պուտինն օրերս «Փոքր բիզնեսն ազգային գաղափա՞ր» խորագրով «Ռուսաստանի հենակետերը» համաժողովում։ «Վերջին երկու տարիները բավականաչափ դժվար են եղել տնտեսության համար, օբյեկտիվ դժվարություններն անդրադարձել են գրեթե բոլոր ոլորտներին, բայց պետք է նշել, որ, ընդհանուր առմամբ, բիզնեսը, այդ թվում՝ փոքր, դիմակայել է դրան»,- ասել է ՌԴ նախագահը։

Ավելին՝ Պուտինը վստահ է, որ ռուբլու անկումը եւ փոխարժեքների տարբերությունը հիանալի առիթ են դրանից օգտվելու համար, քանի որ «բիզնեսի համար նոր հնարավորություններ են բացվում»։

Պուտինը մշտապես սովորություն ունի խոսել, հնչեցնել գնահատականներ` առանց կոնկրետ բանաձեւերի, պատասխանների: Օրինակ` ինչպե՞ս է նա ռուբլու անկումը «հիանալի առիթ» դարձնելու «բիզնեսի նոր հնարավորությունների» համար:
Եվ առհասարակ՝ ինչպե՞ս է գոյատեւելու Ռուսաստանը, եթե նավթի գները շարունակեն մնալ ցածր, իսկ ռուբլին չկայունանա:

Ռուսաստանը Հայաստանին էլ է ձգում դեպի «ճահիճ»

Պուտինը երբեք չի խոստովանելու, որ Ռուսաստանը տարել է խոշոր պարտություն եւ պարտությունը չարձանագրելու համար շարունակաբար քայլեր է արել, որոնք նախեւառաջ վնասում են ՌԴ քաղաքացիներին, վնաս են հասցրել ՌԴ վարկանիշին:
Ցավոք, Ռուսաստանից կախվածության մեջ գտնվող Հայաստանի վերաբերյալ էլ որեւէ դրական կանխատեսում հնարավոր չէ անել:

Մինչ մեր հասարակությունում ռուսական քարոզչամեքենայի ազդեցության տակ գտնվող որոշ շերտեր հույս ունեն կամ տպավորություն են ստեղծում, որ հավատում են նրան, թե իբր` Պուտինը «թուրքերի ջարդը տալու է» ու վերջապես «մեզ է վերադարձնելու Արարատը», «ռազմավարական» դաշնակից երկրի իշխանություններից հնչում են ուշագրավ ուղերձներ:

Ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը օրերս հայտարարել է, թե Ռուսաստանի ֆինանսատնտեսական վիճակի վատթարացման դեպքում հնարավոր է, որ Հայաստանը չստանա Կրեմլի խոստացած վարկերը, այդ թվում՝ սպառազինության եւ ատոմակայանի վերանորոգման համար: «Իհարկե, եթե Ռուսաստանում վիճակը շատ վատանա, հնարավոր է, որ նաեւ չտրամադրեն»,- նշել է Սաֆարյանը՝ հավելելով. «Մենք հիմա գտնվում ենք բազմաթիվ ռիսկերի գոտում. նավթի գինն է անընդհատ անհասկանալի տատանումների, իջեցումների… Դրանք բոլորը ռիսկեր են»: Լրագրողների հարցին, թե արդյոք դա վերաբերում է նաեւ անցած տարի ստորագրված պայմանագրերով տրամադրվելիք ռազմական, ատոմակայանի վարկերի՞ն, նա պատասխանել է. «Ես շատ մանրամասնությունների տեղյակ չեմ, բայց եթե վիճակը իրոք շատ վատանա, հնարավոր է նաեւ դրանք չլինեն: Չնայած ե՛ւ Ռուսաստանի կառավարությունը վստահ է, ե՛ւ մենք հուսով ենք, որ վիճակը այդքան չի ծանրանա»:

Օրեր առաջ Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակն, ի դեպ, խոսելով երկրի լարված բյուջեի, արդեն իսկ Մոսկվայի կողմից ստանձնած վարկավորման պարտավորությունների չկատարման հավանականության մասին՝ ակնարկեց. «2015-ին կնքվել են բավականին շատ վարկային պայմանագրեր: Խոշոր պարտավորություններ ենք ստանձնել, եւ վարկավորման պարտավորությունները չկատարելը ավելի մեծ խայտառակություն է, քան վարկի մարումը ձգձգելը»:

Ինչպես հայտնի է, անցյալ տարի Հայաստանն ու Ռուսաստանը կնքել էին երկու խոշոր վարկային պայմանագրեր, որոնց համաձայն՝ Մոսկվան պետք է 270 միլիոն դոլար տրամադրեր Մեծամորի ատոմակայանի նորոգման եւ 200 միլիոն դոլար՝ սպառազինության ձեռք բերման համար: Այս գործարքները մատուցվում էին որպես խոշոր ձեռքբերումներ: Նույնիսկ Սերժ Սարգսյանն էր մի առիթով նշել, թե 200 միլիոն դոլար վարկով հնարավոր կլինի թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը:

Այսօր արդեն կարելի է կանխատեսել, որ 2016 թվականը Հայաստանի համար բարդ ֆինանսատնտեսական տարի է դառնալու: Մինչդեռ Ռուսաստանի անհեռանկար ու մտահոգիչ ապագան Հայաստանի իշխանություններին, կարծես, չի ստիպում ավելի նախաձեռնող ու համարձակ լինել թե ռուսական կողմի հետ բանակցություններում, թե տարածաշրջանային քաղաքականությունում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Եթե մեր քաղաքացիների մեծ մասը “հավատում են նրան, թե իբր` Պուտինը «թուրքերի ջարդը տալու է» ու վերջապես «մեզ է վերադարձնելու Արարատը», , հակառակ եղած դարավոր փորձին, ուրեմն մենք անհույս հիմար ազգ ենք ․ դատապարտված ենք ու ԱՐԺԱՆԻ ենք անհետացման։ Դե ինչ կոչը շուրթերիս, հերոսաբար դառնանք էշի նահատակ։

  2. Արթուր says:

    Ստորագրում եմ բոլոր բառերիտ տակ: Բայց ցավոք մենք 20% ենք, 80% -ի համար փրկիչներ են … ցար նիկոլայ 2-րդը, լենինը, ստալինը… պուտինը եւ այս շարքը կշարունալվի մինչեւ մեր անհետացում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031