Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինսկի խմբի հայտարարությունը նշանակում է, որ իրավիճակը չափազանց բարդ է». Արմեն Մարտիրոսյան

Հունվար 22,2016 21:55

«2013 թվականի սեպտեմբերի 3-ին Վլադիմիր Պուտինի հետ երկու ժամանոց հանդիպումից հետո Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը խնդիր է առաջացրել մեր արտաքին քաղաքական գործընկերների հետ հարաբերություններում: Որքան էլ սեւ խավիարի եւ նավթադոլարների մասին խոսք է գնում, իրականում դրանք կարող են աշխատել այն դեպքում, երբ կա բարենպաստ միջավայր»,- այս մասին, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով, ԵԽԽՎ առաջիկա նիստի օրակարգ մտած հակահայկական բանաձեւերին, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության և, մասնավորապես Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի գործունեությունը չընդունելով հանդերձ՝ պարոն Մարտիրոսյանը կարծում է, որ ամբողջ մեղքը նրա վրա բարդելը ճիշտ չէ:

«Դա պետության նկատմամբ քայլեր են, ոչ թե տիկին Նաղդալյանի նկատմամբ: Ակնհայտ է, որ Հայաստանի նկատմամբ այդ քայլն պատիժն է Սերժ Սարգսյանի արածի համար: 4 տարի եվրոպացիների հետ բանակցեց, հնարավորություն ստեղծեց, որ կեղծված ընտրությունները ճանաչեն եւ, կոպիտ ասած, գցեց նրանց: Այս բանաձեւերն էլ դրա շրջանակներում են»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հայտարարություն են տարածել, որում ԵԽԽՎ-ին հիշեցնում են, որ Մինսկի խումբն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների միակ ընդունված ձեւաչափը եւ կոչ են անում չբարդացնել գործընթացը:

Այս առնչությամբ «Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ եթե Մինսկի խումբը նման հայտարարություն է տարածում, նշանակում է, որ իրավիճակը չափազանց բարդ է «եւ այստեղ ակնհայտ է, որ իշխանություններն այլ բան չեն ունեցել անելու, քան կռվի մեջ «ներգրավվել» ԵԱՀԿ համանախագահողներին: Կարծում եմ դա ազդեցությունը կունենա, բայց ԵԽԽՎ-ում ինչ է որոշել այս մի քանի օրը պարզ կդառնա: Չեմ կարող ասել, որ այդ հորդորն այնքան մեծ ծավալ կունենա, որ բանաձեւերը չընդունեն: Ընդհանրապես որպես կանոն, եթե ԵԽԽՎ-ում քաղաքական հանձնաժողովում բանաձեւն անցել է լիագումար նիստ, կընդունվի»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031