Արդեն հինգ տասնամյակ է անցել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) ուսանողական շինարարական ջոկատների կազմավորումից, և բուհն այսօր հանդիսավորությամբ նշեց նրանց 50-ամյակը։
«Դա հզոր ուսանողական շարժում էր: Ուսանողական ջոկատները կյանքի դպրոց էին: Կառույց, որտեղ ձևավորվում էին ոչ միայն աշխատանքային հարաբերություններ, այլև կենսակերպ: Համարձակվում եմ ասել, որ անձի ձևավորման որոշակի հիմք էր դրվում այնտեղ: Արդեն 60-ական թթ. սկսվեցին այլ կամավորական ուսանողական շարժումներ, որոնք հիմք դրեցին ուսանողական հզոր կառույցի ձևավորմանը»,- իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը:
«Ուսանողական շինարարական ջոկատներն իրենց արժանի ներդրումն են ունեցել նաև մեր հանրապետության մի շարք կարևորագույն շենքերի շինարարության մեջ»,- շարունակեց ռեկտորը՝ դրանցից նշելով «Զվարթնոց» օդանավակայանը, Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը և այլն:
«Հպարտությամբ պետք է ասենք նաև, որ շինարարական ջոկատների մեր մարտիկներից շատերը հետագայում դարձան ՀՀ պետական, քաղաքական, հասարակական ականավոր գործիչներ, զանազան գիտական ու կրթական հաստատությունների ղեկավարներ, ինչու չէ նաև հաջողակ գործարարներ: Եվ, իհարկե, անգնահատելի է մեր այն մարտիկների դերը, որոնք Արցախյան ազատամարտի տարիներին մարտնչեցին Արցախի անկախության համար՝ չխնայելով ամենաթանկը՝ կյանքը»,- ավարտեց Ոստանիկ Մարուխյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ