Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հունվարի 22-ին երկու ուսումնասիրություն է հրապարակել՝ «Համապետական եւ մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերություններում քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ հասարակական գործիչների ասուլիսների լուսաբանումը» եւ «Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզարշավի ժամանակաշրջանում Հայաստանի հանրային հեռուստաընկերության անվճար եւ վճարովի եթերաժամանակի դիտարկումը»:
Ուսումնասիրությունների հրապարակմանը ներկա էր նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը: Վերջինս Խոսքի ազատության եւ պաշտպանության կոմիտեի աշխատանքը որակեց պրոֆեսիոնալ եւ մեծ նշանակություն ունեցող. «Բավականին լուրջ ինֆորմացիոն նյութ է, բազա է: Մենք գիտենք, որ գործող օրենսդրությամբ ՀՌԱՀ-ը մշտադիտարկում է իրականացնում, որը որ ընտրական օրենսգրքով է իրեն նախատեսված, դա, իհարկե՛, ունենում է իր դերը լրատվամիջոցների համար, բայց պետք է հիշենք, որ ՀՌԱՀ-ը աշխատում է զուտ 1 ուղղությամբ՝ օրենքի տառը պահպանելու, հավասար պայմանների, անկողմնակալ լինելու: Նմանատիպ աշխատանքները, ըստ մեզ, կարող են շատ օգտակար լինել հեռուստաընկերությունների, ինչու ոչ ռադիոընկերությունների համար էլ»:
Նա ԽԱՊԿ ղեկավար Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց, թե մոնիթորինգ իրականացնող խմբերը տեղեկացնո՞ւմ էին հեռուստաընկերություններին, որ մոնիթորինգ են իրականացնում, բացասական պատասխան ստանալուց հետո, նա ասաց, որ այդ դեպքում ուսումնասիրության արդյունքները այդքան էլ վատ չեն:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ