Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հունվարի 22-ին հրապարակեց «Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզարշավի ժամանակաշրջանում Հայաստանի հանրային հեռուստաընկերության անվճար եւ վճարովի եթերաժամանակի դիտարկում» ուսումնասիրությունը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը նշեց, որ ընդհանուր առմամբ քարոզչությունը Հանրային հեռուստատեսությամբ եղել է 24 792 վայրկյան, իսկ Հանրային ռադիոյով՝ 30 285 վայրկյան, որից 31 647 վայրկյանը «Այո» է քարոզվել, 23 430 վայրկյանը՝ «Ոչ»: «Հ1»-ի քարոզչության հոսքում «Այո»-ի եւ «Ոչ»-ի հարաբերակցությունը 55.4%; 44.6% է, իսկ Հանրային ռադիոյով՝ 59.1%; 40.9% . «Ընդհանուր առմամբ Հանրային ռադիոյում քարոզչությունը ավելի շատ է եղել, դա պայմանավորված է օրենսդրությամբ: Մենք գիտենք, որ Հանրային հեռուստատեսությամբ նախատեսվում է 60 րոպե անվճար եւ 120 րոպե վճարովի եթեր, իսկ Հանրային ռադիոյում՝ 120 րոպե անվճար եւ 180 րոպե վճարովի: Այսինքն՝ ծավալն այնտեղ ավելի շատ է, եւ բացի դա ծավալը Հանրային ռադիոյում բաժանված էր ցերեկային եւ երեկոյան եթերի»:
Աշոտ Մելիքյանը նկատեց, որ քարոզչության համար ամենապահանջվածը եղել է Հանրային հեռուստատեսության անվճար եթերը. «Մի քիչ տարօրինակ է թվում, որ Հանրային հեռուստաալիքով այդ անվճար ժամանակը ամբողջությամբ չի օգտագործվել որոշ քաղաքական գործիչների կողմից:
Ինչ վերաբերվում է վճարովիին, այստեղ արդեն հասկանալի է՝ ամեն մի կուսակցության հնարավորությունները պետք է թույլ տան օգտվելու դրանից, եւ մենք այստեղ տեսնում ենք Հանրապետական կուսակցության առավելությունը: Շատ համեստ են «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀՅԴ-ի տվյալները, «Ժառանգությունը» եւ ՕԵԿ-ը ընդհանրապես վճարովի եթերաժամանակից չեն օգտվել Հանրային հեռուստատեսությունում: Հանրային ռադիոյում էլ ավելի հետաքրքիր պատկեր է, մենք տեսնում ենք էլի անվճար եթերաժամանակից են կուսակցությունները օգտվել: Միայն Հանրապետական կուսակցությունն է, որ վճարովի եթերից է օգտվել, մնացած հինգ խմբակցությունները ոչ մի վայրկյան չեն գնել Հանրային ռադիոյից: Առաջին հերթին վճարովի եթերից օգտվելն էր, որ Հանրապետական կուսակցությանը եւ «Այո» քարոզողներին այդպիսի առավելություն ապահովեց»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ