«Մենք մեր խոսքի տերն ենք, փողոցից չենք գնալու, մինչեւ չձերբազատվենք ռեժիմից: Չենք համակերպվելու եւ հնազանդվելու նոր Սահմանադրության եւ իշխանության առաջիկա ծրագրերի հետ: Այս ռեժիմին չի հաջողվելու մարսել դեկտեմբերի 6-ին կատարվածը»,- Ազատության հրապարակում այսօր հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ, ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը:
Բանախոսն անդրադարձավ Ճակատի` առաջիկա մեկ ամսվա անելիքներին: Ըստ այդմ, նա ասաց, որ մինչեւ փետրվարի 20-ը կամփոփեն եւ ժողովրդին առարկայական կներկայացնեն «Նոր Հայաստանի» տեսլականը Հայաստանի ապագայի մասին:
Փետրվարի 20-ին մտադիր են դահլիճային ձեւաչափով քննարկում անցկացնել` մի շարք մտավորականների հետ: Այդ ժամանակ էլ կներկայացնեն իրենց ծրագիրը:
Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ արդեն հստակեցրել են կազմակերպական շատ հարցեր: Ազատության հրապարակում 24-ժամյա հերթապահությունն ավելի կազմակերպված կլինի, Սեֆիլյանն անձամբ կզբաղվի այդ հարցերով:
Կարդացեք նաև
Մարտի 1-ին էլ համապետական հանրահավաք կանցկացնեն: «Մարտի 1-ին զոհվածների զոհողությունը պիտի իմաստավորվի»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Նա խոսեց բանտում գտնվող հացադուլավորների, մասնավորապես Հայկ Կիրակոսյանի առողջական վիճակին, ասաց որ նման դաժանությամբ հակառակորդը, այսինքն` իշխանությունը, այս 20 տարիների ընթացքում չի գործել: Սեֆիլյանը համարում է, որ հրամանը Բաղրամյան 26-ից է գալիս եւ հակառակ միջազգային հեղինակավոր կառույցների ճնշումների, դաժանությունները շարունակվում են:
«Մենք զուսպ ենք, զուսպ էլ մնալու ենք, թեեւ այդպիսով հակառակորդը մեզ մղում է հունից դուրս գալուն»,- ասաց նա` կոչ անելով Ազատության հրապարակում հերթապահող երիտասարդներին` եթե վաղվանից բանտերում գտնվող տղաները չարձագանքեն հացադուլը դադարեցնելու կոչերին, իրենք էլ գործողությունների դիմեն: Օրինակ, «բանտերի առջեւ» վրաններ դնել, զուգահեռաբար այնտեղ հացադուլ անել, ժողովրդին հրավիրել այնտեղ, միջազգային կառույցներին հերթապահության հրավիրել եւ այլն: «Եթե երիտասարդությանը դա չհաջողվի, մենք կանենք»,- ասաց Սեֆիլյանը:
Ի դեպ, այսուհետ ամեն ուրբաթ, ժամը 17.00-ին քաղաքացիների հետ հանդիպումների այս ձեւաչափը կշարունակվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ