Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «Քննադատող մարդկանց, քաղաքական գործիչների ասուլիսները հաճախ անտեսվել են»

Հունվար 22,2016 18:05

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) հունվարի 22-ին ներկայացրեց իր «Համապետական եւ մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերություններում քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ հասարակական գործիչների ասուլիսների լուսաբանումը» ուսումնասիրությունը:

ԽԱՊԿ ղեկավար Աշոտ Մելիքյանը նշեց, որ կատարված հետազոտությունը թույլ է տալիս գնահատել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ լրատվամիջոցների գործունեությունը: Մոնիթորինգային խմբի անդամները հետեւել են ասուլիսներին, որոնք կայացել են երեւանյան 10 մամուլի ակումբներում, այցելել են ասուլիսներին, արձանագրել, թե որ հեռուստաընկերություններն են ներկա եւ այնուհետեւ երեկոյան հետեւել, թե տվյալ ասուլիսը հեռարձակվե՞լ է, թե՞ ոչ: Հետազոտությունը երկու փուլով է կատարվել, առաջին փուլը հոկտեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը, երկրորդը՝ դեկտեմբերի 7-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը:

Առաջին փուլում տեղի են ունեցել 110 ասուլիսներ, նրանց մասնակցել է 172 բանախոս, երկրորդ փուլում տեղի է ունեցել 41 ասուլիս եւ մասնակցել է 66 բանախոս: Առաջին փուլի ասուլիսներից 15-ը անտեսվել են հեռուստաընկերությունների կողմից, իսկ երկրորդ փուլում՝ 11-ը: Ասուլիսներն ամենաակտիվը լուսաբանել է «Կենտրոն» հեռուստաընկերությունը՝ մասնակցել է 62 ասուլիսի, բայց լուսաբանել՝ 55-ը, եւ ընդամենը 2 հեռուստաընկերություն է ցուցադրել այնքան, ինչքան նկարահանել է:

«Այսինքն՝ դա նշանակում է, որ հեռուստաընկերությունների  աշխատակիցների ներկայությունը ասուլիսներին ամենեւին էլ չի նշանակում, որ այդ ասուլիսը լուսաբանվելու է: Եվ այստեղ մնում է ենթադրություններով լի եզրակացություններ անել: Բայց որ ընտրովի է այդ լուսաբանումը եղել եւ այն հիմնավորումը, որ աշխատակիցները չեն բավարարում, տեսախցիկները չեն բավարարում, որպեսզի բոլոր ասուլիսները կամ անհրաժեշտ ասուլիսները լուսաբանվեն՝ այնքան էլ հիմնավորված չի երեւում, քանի որ փաստորեն, ռեսուրսը ծախսվել է, մարդիկ գնացել են նկարահանել են, բայց ինչ-ինչ պատճառներով այդ ռեպորտաժները եթեր չեն գնացել: Բայց երբ որ մենք սկսում ենք ուսումնասիրել, թե որ մամուլի ասուլիսները չեն գնացել եթեր այստեղ լուրջ հարցեր են առաջանում, որովհետեւ քննադատող մարդկանց, քաղաքական գործիչների ասուլիսները հաճախ անտեսվել են»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031